Այսօր Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի պասիվությունը, մարդկային ռեսուրսնե՞ր չկան, թե՞ ֆինանսները չեն բավարարում: Նա պատասխանեց. «Ես դա պասիվություն չեմ համարի: Ուղղակի արել ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է եղել: Տարբեր պատճառներ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Ամեն դեպքում կարծում եմ, ՀԱԿ-ն արել է այն ամենը, ինչը ճիշտ է համարել: ՀԱԿ-ը մասնակցելու է եւ համայնքային ղեկավարների եւ ավագանու անդամների մակարդակով: Դուք շատ լավ գիտեք, թե մենք ինչ երկրում ենք ապրում, որտեղ քաղաքապետի ընտրություների համար պայքարն այսօր ռեալ չի: Ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նախագահական ընտրությունները մի քիչ այլ տրամաբանության մեջ են: Ամեն ինչ պիտի անենք, որ նախագահական ընտրություններում մրցենք: Մեր ամբողջ ռեսուրսներն ուղղելու ենք նախագահական ընտրություններին»:
Մենք ճշտեցինք` այսինքն, եթե մասնակցեիք ՏԻՄ ընտրություններին, կստացվեր, որ ռեսուրսներն անարդյունավետ եք ծախսե՞լ` նա պատասխանեց. «Չէ, ուղղակի կարեւորում ենք նախագահական ընտրություները, որովհետեւ ՏԻՄ ընտրություններում շատ ավելի դաժան պայքար է լինում, քան խորհրդարանական ընտրություններին: Այստեղ տեղական հեղինակությունների եւ փողի գործոնը շատ ավելի արտահայտված է լինում»:
Այսօր ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության պասիվության առնչությամբ ՍԻՄ նախագահ եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասել էր, որ «Կոնգրեսը չունի սոցիալական բազա, հենարան չունի մարզերում, բնական է, որ բամբասկոտ կնկա նման պետք է փորձի բացատրել իր անկարողությունը: Ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, չի հետաքրքրվում մարզային խնդիրներով: ՀԱԿ-ի միակ նպատակը բոլոր մեթոդերով իշխանության հասնելն է, եւ անել այն, ինչ անում էին ժամանակին իշխանության հետ: Լյուդմիլա Սարգսյանի մեկնաբանությամբ` «Ընդհանրապես չեմ կարեւորում նրա կարծիքը, չեմ կարեւորում նրա թերթը, չեմ կարեւորում նրան` որպես պատգամավոր: Չեմ անդրադառնալու նրա որեւիցե կարծիքի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ