Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մուրադյան. Կինոն վերմակ չէ, որ ամեն մեկն իր վրա քաշի

Օգոստոս 24,2012 16:45


ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հայ արտ սինեմա» հիմնադրամը: Հիմնադիրներն են՝ «Պարադիզը», «Ոսկե ծիրանը», Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորումը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի ազգային կինոակադեմիան, Ուկրաինայի քաղաքացի, անվանի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը եւ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության։ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էլ Հովհաննես Ավագյանն է։

Aravot.am-ը Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանից հետաքրքրվեց՝ ո՞րն էր նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը: Պարոն Մուրադյանը խոստացավ հիմնադրամի բնույթի եւ գործունեության վերաբերյալ, իր ձեւակերպմամբ, կոնկրետություններ հաղորդել նորաստեղծ կառույցի առաջին նիստից հետո:

«Մեր կինոտարածության մեջ կան տարբեր կազմակերպություններ՝ պրոդյուսերական, Ազգային կինոկենտրոն, կինոմիություն հասարակական կազմակերպություններ, թատերական ինստիտուտ եւ այլն: Ի վերջո մի օղակ պետք է լինի, որպեսզի բոլորի շահերը համատեղվեն, եւ յուրաքանչյուրն իր «մասով» աշխատի ընդհանուր նպատակի համար: Հարկ է, որ մեկը մյուսից անտեղյակ չաշխատի ու կինոյի զարգացման ռազմավարական պլանի շուրջ բոլորի գործողությունները համադրվեն: Իմ կարծիքով, սա է նպատակը, ու լավ նախաձեռնություն է՝ բոլորին կինոյի զարգացման ընդհանուր ռազմավարական նպատակների շուրջ համախմբելու առումով»,- ասաց մեր զրուցակիցը:

Դավիթ Մուրադյանը կիոակադեմիայի վերաբերյալ առանձնացրեց գիտակրթական խնդիրները, կինոգիտական գրականության ու մասնավորապես հանրագիտարանի, բառարանի հրատարակումը. «Դրանք մեր ակադեմիայի առաջնահերթություններից են»: Ապա հավելեց. «Հիմնադրամի խողովակով միջազգային կոնտակտների մեջ մտնելն, օրինակ, մեր մասն է, տաղանդավոր երիտասարդներին աջակցելու, թատերական ինստիտուտի շրջանավարտների լրացուցիչ կատարելագործման հարցեր կան, նպատակն ընդգրկում է կինոքաղաքականությունը՝ սկսած կինոարտադրությունից, վերջացրած միջազգային կապերով, կինոմամուլով եւ այլն»:

Մեր հաջորդ հարցին՝ երբ տարբեր կազմակերպություններ ու կառույցներ են ներգրավված նույն հիմնադրամում, մտավախություն չունե՞ն, թե շահերի բախում կամ խանդ կլինի միմյանց հանդեպ, կինոակադեմիայի նախագահը պատասխանեց. «Դուք «հայկական» հարց եք տալիս… ամեն դեպքում, կարծում եմ, որ նման բան չի լինի, քանի որ , բոլորիս առաջ ընդհանուր նպատակ կա: Կինոն վերմակ չէ, որ յուրաքանչյուրս քաշի իր վրա, կինոն ընդհանուր ազգային արժեք է: Եվ հետո որեւէ մեկը մյուսի պրոֆիլը չի յուրացնում այս պարագայում, յուրաքանչյուրն իր պրոֆիլով է հանդես գալիս, ու արդյունքում ստեղծվում է համալիրը»:

Իսկ հիմնադրամի միջոցները որտեղի՞ց են գոյանալու: «Պետական աջակցություն պիտի անպայման լինի, պետությունը այստեղ մեծ դերակատարություն ունի, որովհետեւ մեզ նման երկրում առանց պետության լուրջ մասնակցոության հնարավոր չէ կինոգործ առաջ մղել, մենք դեռ չենք կարող կինոն ինքնաբավ դարձնել: Աշխարհում հիմնադրամների գործունեության պրակտիկա գոյություն ունի, եւ հիմնադրամը գոյանում է թե պետական եւ թե ոչ պետական գումարներով, մանավանդ այս հիմնադրամում ներգրավված են որոշակի ֆինանսական պոտենցիալ ունեցող կազմակերպությւոններ, ինչպես «Պարադիզը»: Այնպես որ, հնարավոր է ինչ-որ օգտակար գործունեություն ծավալել: Հզոր երկրներ կան, որ կինոյի զարգացման մի քանի հիմնադրամ ունեն»,- նշեց կինոգետը:

Ռեպլիկին, թե հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավագյանին դաշտում կարծես չեն ճանաչում, պարոն Մուրադյանը պատասխանեց. «Ի՞նչ պարտադիր է որ մենք բոլորին ճանաչենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031