Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացինե՞րն են իրավիճակը ծայրահեղացնում

Օգոստոս 24,2012 15:50

Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ հանրապետության գյուղոլորտում այս տարվա անցած ամիսներին նկատելի են դրական տեղաշարժեր: Նախարարն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10.2 %-ով. «Ընթացիկ տարվա միտումները ցույց են տալիս, որ երկրի համախառն նեքին արդյունքի ձևավորման մեջ կպահպանվի և կավելանա գյուղատնտեսության բարձր տեսակարար կշիռը, որը 2011թ. տվյալներով կազմել է 20.2 %»:

Բերքի մթերման գործընթացը, նախարարի վստահեցմամբ, սահուն է ընթանում. «Այսօր Նոյեմբերյանի շրջանի բերքը մթերվում է; վաղահաս դեղձը` մոտավորապես 450 տոննա, մթերվեց Արտաշատի պահածոների գործարանի կողմից, երեկվանից էլ սկսել ենք միջնահաս դեղձի մթերման աշխատանքները: Տավուշի մարզում էլ մթերման խնդիր չենք ունենա: Իսկ Արարատյան դաշտավայրի բերքի մթերման աշխատանքներն էլ իրականացնում են հիմնականում Արտաշատի պահածոների գործարանը, «ՄԱՊ» պահածոների գործարանը եւ «Լեւոն» ՍՊԸ-ն, «Բորոդինո»-ն էլ երկու օր է, ինչ սկսել է աշխատել: Շատ դեպքերում գյուղացիներն են իրավիճակը ծայրահեղացնում, իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար սպառնում են, թե կտանենք կթափենք, բայց նման բան չի լինում, ես էսքան ժամանակ չեմ տեսել, որ մարդն իր բերքը տանի, թափի»:

Ս. Կարապետյանի խոսքերով, բերքի գինը բոլորի համար ընդունելի է, դեղձը մթերվում է 50-60 դրամով, ծիրանը` 60-100, լոլիկը` 34-35 դրամով, վճարումն էլ, ճիշտ է, երբեմն մեկ շաբաթից, բայց պարտաճանաչ կատարվում է: Նախարարի փոխանցմամբ, այժմ Էջմիածնի պահածոների գործարանի սեփականատիրոջ հետ են բանակցում, եւ գործարանը առաջիկայում կսկսի աշխատել, ինչն էլ ավելի կհեշտացնի մթերման աշխատանքները: Սակայն նախարարը հիշեցրեց, որ. «Բոլորն էլ սեփական գործարաններ են, մենք ոչ մեկի վրա ազդեցության լծակներ չունենք, ընկերաբար, պաշտոնական, ասում ենք, խնդրում, որ ընդունեն: Բայց նրանք էլ առաքման խնդիր ունեն, օրինակ Էջմիածնի պահածոների գործարանը անցած տարվա տոմատի մածուկը չի իրացրել»:

Գյուղնախարարը նաեւ ասաց, որ իրենց կազմակերպած շուկաներում ընդհանրապես վերավաճառողներ չկան. «Մեր կողմից խիստ վերահսկողություն է սահմանվել, յուրաքանչյուր շուկայում 6 ուսանող կամավորության սկզբունքով աշխատում են ու հսկում, որ գյուղացին իր բերքը վաճառի»:

Ինչ վերաբերվում է գներին, ապա, նախարարի խոսքերով, եթե նույնիսկ դրանք բարձր են, գյուղացու գրպանն է գնում. «Միշտ էլ գյուղացու եւ քաղաքացու միջեւ սակարկությունը կա, գյուղացին արտադրել է, տանջվել է, ուզում է երկու կոպեկ ավել վաճառի, քաղաքացին էլ ուզում է էժան գնել»:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031