Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմտամետներին խորհուրդ եմ տալիս համեմատել Ռուսաստանի ու Արեւմուտքի կողմից սպանված անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարում»

Օգոստոս 24,2012 15:39

Հարցազրույց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ:

-Մոտ երկու տարի առաջ «Առավոտին» տված Ձեր հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե ՀԱԿ-ն ի վերջո ձախակենտրոն ուժ է դառնալու, որտեղ գերիշխող է լինելու սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը: Ձեր կանխատեսումն արժանացավ ոչ միանշանակ արձագանքների ու գնահատականների։ Մասնավորապես` որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ սկսեցին պնդել, որ ՀԱԿ-ն այլեւս հրաժարվել է ազատականությունից։ Իսկ վերջին շրջանում նույնպիսի պատճառաբանությամբ մի քանի գործիչներ ու քաղաքական կազմակերպություններ դուրս եկան ՀԱԿ-ից։ Կցանկանայի՞ք պատասխանել այդ հայտարարություններին եւ փոքր ավելի մանրամասն խոսել այն մասին, թե ի՞նչ եք հասկանում սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն ասելով եւ ինչո՞վ է այն տարբերվում ազատականությունից:

– Նախ ասեմ, որ «ազատականություն» եզրը վերաբերում է ոչ թե մեկ, այլ երկու վարդապետությունների, մեկը՝ տնտեսական, մյուսը` քաղաքական։

Որպես քաղաքական վարդապետություն այն ենթադրում է ժողովրդավարական կառավարում, մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորում, տարբեր տեսակի խտրականությունների բացառում, եւ պետության ու կրոնի լիակատար անջատում։  Այստեղ ազատականների ու սոցիալ-դեմոկրատների միջեւ որեւէ տարբերություն չկա։

Որպես տնտեսական վարդապետություն՝ ազատականությունը պնդում է, որ պետությունը պետք է ունենա մինիմալ դեր տնտեսության մեջ, որ շուկան ինքնակառավարվող համակարգ է, եւ որ նման շուկայի պայմաններում առաջացած սոցիալական արդյունքներն արդարացի են ու օպտիմալ։ Այս հարցում տեսակետներ բաժանվում են։ Սոցիալ-դեմոկրատները պնդում են, որ ինքնակարգավորվող շուկան իրականում կայուն համակարգ չէ, եւ այն չի կարող հասարակայնորեն օպտիմալ արդյունքներ ապահովել։ Օրինակ` հակամենաշնորհային օրենքների բացակայության պարագայում ինքնակարգավորվող շուկան բաղկացած կլինի մենաշնորհներից եւ այլն։ Նրանք նաեւ գտնում են, որ պետությունը պետք է ունենա որոշակի վերաբաշխման ֆունկցիա, իհարկե հարկային մեխանիզմներով, ոչ թե՝ էկսպրոպրիացիայի միջոցով, այլապես հարստության կենտրոնացումն անխուսափելի է, ինչն իր հերթին սովորաբար հանգեցնում է էլիտայի ձեռքում  քաղաքական ուժի կենտրոնացման` ժողովրդավարական կառավարման համար խիստ անցանկալի հետեւանքներով։

Վերջապես, սոցիալ-դեմոկրատները կոմնակից են սոցիալապես խոցելի մարդկանց համար բարօրություն երաշխավորող եւ հնարավորությունների հավասարություն ապահովող պետության գաղափարին (welfare state): Պետք է նշել, իհարկե, որ ժամանակի ընթացքում, այս երկու վարդապետությունների սուր անկյունները մի փոքր տաշվել են, բայց տարբերությունները շարունակում են լինել իրական ու զգալի։

– Ինչի՞ վրա էր հիմնված Ձեր կանխատեսումը, որ ՀԱԿ-ում գերիշխող է դառնալու հենց սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը, եւ որ ՀԱԿ-ը դառնալու է ձախակենտրոն ուժ։  Դուք այդ կանխատեսումն իրականացա՞ծ եք համարում։

– Իմ կանխատեսումը հիմնված էր մեր շարժման նման շարժումների փորձի ուսումնասիրության, ինչպես նաեւ շատ պարզ մի դիտարկման վրա. Կոնգրեսի սոցիալական հենարանը կեղեքումից ու կոռուպցիայից հիմնավորապես հոգնած մեր շարքային քաղաքացիներն էին, փոքր բիզնեսն ու ոչ նոմենկլատրուրային մտավորականությունը։  Նրանք ստեղծված համակարգը համարում էին անարդար ու անհանդուրժելի ու պահանջում էին դրա արմատական վերափոխումը։ Այդ վերափոխումն անհնար էր լինելու, եթե Կոնգրեսը պարզապես գար իշխանության ու բավարարվեր օրինականության հաստատմամբ ու ազատ ընտրությունների անցկացմամբ։

Կոնգրեսն անպայման ստիպված էր լինելու արտահայտել այդ հենարանի շահերը, ինչը ենթադրելու էր արմատական բարեփոխումներ սոցիալական ոլորտում, հարկային համակարգում, հնարավորությունների հավասարեցման բնագավառում եւ այլն։  Այդ ամենն անել հնարավոր չէր լինելու պետության դերի սահմանափակման, տնտեսության մեջ պետության նվազագույն ներգրավման, բոլորի համար ցածր հարկերի, ինքնակարգավորվող շուկայի ազատական եզրաբանությամբ ու գաղափարախոսությամբ։

Ի դեպ, Կոնգրեսի հրատարակած սոցիալ-տնտեսական ծրագրերը, այդ թվում «Հարյուր քայլ» ծրագիրը, դա որոշակիորեն արտացոլում են, եթե նույնիսկ դրանք լիարժեքորեն սոցիալ-դեմոկրատական ծրագրեր չեն։

ՆԵլլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք վաղվա համարում:      

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031