Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԽԵ՜ՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Օգոստոս 24,2012 15:34

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ քսանչորսերորդ

ԽԵ՜ՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Եվ բուֆետապանուհին նայեց ինձ, հետո Աշոտին   հարցրեց՝ «Շեկոյանն ինքն ա՞», եւ Աշոտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու Աշոտին հարցրեց՝ «ասում ես՝ ինչ ա գրելո՞ւ», եւ Աշոտը փռթկացնելով ասաց՝ «մեր մասին» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «հիմի արդեն քո մասին էլ կգրի», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «իմ մասին ի՞նչ ա գրելու», եւ Աշոտը փռթկացնելով ասաց՝ «էդ արդեն իրան պիտի հարցնես» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով  ավելացրեց՝ «կարող ա՞ ես եմ գրելու, որ ինձ ես հարցնում», եւ բուֆետապանուհին նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «հանաք ա անում, չէ՞», եւ ես ժպտալով ասացի՝ «իրան պիտի հարցնեք», եւ Գագոն բուֆետապանուհուն ասաց՝ «ոչ թե հանաք ա անում, այլ կրակի վրա յուղ ա լցնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ ու քեզ կռվացրեց, հիմի էլ ուզում ա քեզ ու Շեկոյանին կռվացնի», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես անծանոթ մարդկանց հետ չեմ կռվում», եւ Կարենն ասաց՝ «դու ծանոթների հետ էլ չես կռվում», եւ Աշոտը փռթկացնելով ասաց՝ «դու մենակ  նիսիա խմողների հետ ես կռվում», եւ բուֆետապանուհին արհամարհական նայեց Աշոտին ու ասաց՝ «պակաս նիսիա խմողն էլ դու չես», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «ինքը  մենակ ուրիշների հաշվին ա խմում», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրիշների հաշվին, բայց՝ նիսիա», եւ Գագոն ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «փաստորեն, Աշոտի մուտիլովկեն չանցավ», եւ բուֆետապանուհին հարցրեց՝ «ո՞ր մուտիլովկեն», եւ Գագոն բուֆետապանուհուն ասաց՝ «ինքը ուզում էր քեզ ու Շեկոյանին կռվացնի, բայց չկարեցավ», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու նորից ասաց՝ «ես անծանոթ մարդկանց հետ չեմ կռվում», եւ Աշոտը  ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «բա ասում էիր՝ ծանոթ եք», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ըտենց բան ասել», եւ Աշոտը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «նոր չէիր ասո՞ւմ, որ ինքը Բաբկենիչի հետ կոֆե ա խմել», եւ բուֆետապանուհին ասաց՝ «Բաբկենիչի հետ ա սուրճ խմել, ոչ թե՝ իմ», եւ ես ժպտալով ասացի՝ «Բաբկենիչի հետ ոչ թե էս բուֆետում եմ սուրճ խմել, այլ՝ իրա կաբինետում», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա կաբինետում եք խմել, բայց ի՛մ էփած սուրճն եք խմել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Բաբկենիչը մենակ իմ սարքած սուրճն էր խմում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, Շեկոյանը պալատական գրող ա», եւ Կարենը փռթկացնելով ասաց՝ «ոչ թե պալատական գրող ա, այլ՝ պալատական սուրճ խմող», եւ բուֆետապանուհին նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «էդ որ ասում են՝ իմ մասին գրելու եք, հանաք են չէ՞ անում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կարենը բուֆետապանուհուն ասաց՝ «էս մարդը քեզնից մենակ լավ բան ա տեսել. որ գրի էլ՝ մենակ լավը պիտի գրի», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «լավ ի՞նչ ա տեսել»,  եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը աղի պես իրա համար նստել ա, քո պես աղա կնիկն իրան սուրճ ա մատուցում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չհաշված, որ վախտին էլ Խորիկի կաբինետում ես մատուցել», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճարս ինչ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեռա խնդրելով, որ մատուցողուհու հաստիք տան» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մի գլուխ խոստանում էին, բայց չէին անում», եւ Աշոտը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «համ նիսիա են ուտում ու խմում, համ էլ պահանջում են, որ մատուցողուհու պարտականություններ կատարես», եւ բուֆետապանուհին թարս նայեց Աշոտին ու ասաց՝ «շիրա տալու համար խելքդ քոնը չի», եւ Գագոն ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «մեզ ուզում ա կռվացնի, բայց չի ստացվի», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու հեգնանքով Գագոյին ասաց՝ «որ մտքիս տեղ ըլներ, լավ էլ  կստացվեր», եւ Կարենը բուֆետապանուհուն ասաց՝ «էսօրվա հաշվի հետ ոչ մեկը կապ չունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսօրվա հաշիվն  ինձնից կստանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նաղդով», եւ Աշոտը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «բայց չենք խոստանում, որ Շեկոյանը քո մասին չի գրի», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «ինչ ուզում եք՝ գրեք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենակ թե՝ անունս չգրեք», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ գրի», եւ հիմա խոստումս կատարելով՝ բուֆետապանուհու անունը չեմ գրում, չնայած, խոսքը մեր  մեջ, իր անունը մոռացել եմ ու չեմ էլ  ճգնում հիշել, որովհետեւ տղամարդու խոսք եմ տվել, որ անունը չեմ գրի, իսկ ինչ վերաբերում է Կարենին, Աշոտին ու Գագոյին, իրենց ոչինչ էլ չեմ խոստացել, եւ իրենց ու իմ էդ իրիկնային զրույցը շարունակելով՝ պիտի ասեմ, որ երբ մեր սուրճերը հրամցնելուց հետո բուֆետապանուհին բուֆետից դուրս եկավ, Կարենն Աշոտին ասաց՝ «հերիք ա էս կնոջ հոգու հետ խաղաս», եւ Աշոտը  ժպտալով Կարենին ասաց՝ «հանաք ենք անում, Ջանիբեկյան ջան», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հանաքն էլ պիտի չափ ու սահման ունենա», եւ Աշոտը կարմրելով հարցրեց՝ «բայց ի՞նչ սխալ  բան եմ արել, Ջանիբեկյան ջան», եւ Գագոն Աշոտին ասաց՝ «մարդկանց կռվացնելու համար մի հատ ես», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ կռվացրել», եւ Գագոն ասաց՝ «սկզբում ինձ ու իրան կռվացրիր, հետո  էլ ուզում էիր իրան ու Շեկոյանին կռվացնեիր», եւ Գագոն, իհարկե, էդ ասելիս բուֆետապանուհու անունը նշեց, բայց ես բուֆետապանուհու անունը Գագոյի ու մյուսների խոսքերի մեջ չեմ կարող նշել՝ ոչ միայն էն պատճառով, որ իր անունն էս պահին չեմ հիշում, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ իրեն խոսք եմ տվել իր անունը չգրել, այլապես դժվար չի եւս մի անգամ մտնել թատրոն եւ որեւէ մեկից բուֆետապանուհու անունը հարցնել, չնայած… թատրոն մտնելս էլ առանձնապես ցանկալի չի, որովհետեւ Կարենին հանդիպելս էլ է արդեն վտանգավոր, եւ հատկապես էս վեպիս առումով է վտանգավոր, որովհետեւ Կարենն ինձ տեսնելով՝ հաստատ էլի վեպիս մասին հարցուփորձ է անելու, իսկ եթե իրեն մի ավելորդ անգամ չտեսնեմ, հաստատ ոչ վեպս է հիշելու եւ ոչ էլ՝ մանավանդ ինձ, որովհետեւ երջանիկ մարդիկ սովորաբար կողմնակի ու երկրորդական բաներ չեն հիշում՝ նույնիսկ էն դեպքերում, երբ  էդ կողմնակին ու երկրորդականն անձամբ իրենց են վերաբերում, եւ, դրանից էլ բացի, Կարենին տեսնելս առանձնապես  ցանկալի չի նաեւ էն առումով, որ մենք էդ իրիկուն, կարելի է ասել, հաշտ ու խաղաղ բաժանվեցինք, ու կարելի է նաեւ ասել, որ էդ իրիկվա դրությամբ Կարենը նույնիսկ համաձայնվեց, որ իր անձնական երջանկության մասին բստրածներս տպագրեմ՝ էն պայմանով,  որ էս վեպիս մեջ անպայման նաեւ նշեմ, որ իր էս հերթական երջանկության մասին գրածս ոչ թե իրականությունն է, այլ՝ իմ հորինածը, եւ, իհարկե, ես խոստացա էդ անել, ընդ որում՝ հաճույքով խոստացա, որովհետեւ նախքան խոստանալս էի արդեն  էդ արել, ընդ որում՝ մի քանի անգամ, եւ խոստանալուցս հետո՝ հիմա եւս մի անգամ պիտի խոստովանեմ, որ Կարենի ու Լիանայի երջանկության մասին մանրամասները հիմնականում բստրել եմ, եւ չնայած բուֆետապանուհու դուրս գալուց հետո Կարենն ու Գագոն փորձում էին Աշոտին սխալ հանել, Աշոտը հիմնականում ճիշտ էր, ընդ որում՝ հիմնականում ու առնվազն իմ մասով էր ճիշտ. այսինքն, Աշոտը միանգամայն ճիշտ էր գուշակել, որ էդ  օրվա մեր զրույցը ծայրեծայր գրելու եմ, եւ Աշոտը նաեւ անսխալ գուշակել էր, որ  եղածից մի բան էլ  ավել եմ գրելու, եւ հիմա արդեն դուք էլ գիտեք, որ դա էդպես է, եւ հիմա ոչ մահացու էս մեղքս խոստովանելով եւ սուտն ու ճիշտը միախառնելով՝ պիտի շարունակեմ ու էդ իրիկվա մեր զրույցն ավարտին հասցնեմ, որովհետեւ  անձամբ ինձ համար էդ իրիկվա էդ խոսակցության հատկապես վերջն է կարեւոր, որովհետեւ երկրորդ շշից հետո արդեն քեֆներս լավ էր, եւ հատկապես իրենց քեֆն էր լավ, որովհետեւ  իրենց համար էդ վերջինը ոչ թե երկրորդ, այլ չորրորդ շիշն էր, եւ իմ մասնակցությունն էդ չորսից ընդամենը շիշուկեսին էր վերաբերել, եւ բնական է, որ իրենց քեֆն ավելի լավ էր, քան՝ իմը, եւ դա ինձ միանգամայն ձեռնտու էր, եւ հատկապես Կարենի գինովցածությունն էր ինձ ձեռնտու, որովհետեւ ամեն բաժակից հետո Կարենն ավելի ու ավելի էր մոռանում, որ իր հերթական   երջանկության մասին արդեն գրել եւ երկու տարուց տպելու եմ, եւ իր էդ մոռանալը միանգամայն բնական էր, որովհետեւ էդ վերջին շշի ընթացքում հիմնականում փիլիսոփայում էինք, եւ հատկապես Կարենն էր փիլիսոփայում, եւ չնայած ուշքումիտքս Կարենից համաձայնություն կորզելն էր, ես էլ էի հետաքրքրությամբ լսում Կարենի փիլիսոփայական  զեղումները, բայց հիմա չեմ կարող Կարենի էդ զեղումները ձեզ հաղորդել, որովհետեւ բացարձակ երջանիկ մարդու մտքերն ու մտորումներն ուղղակի անկրկնելի են, եւ ես հիմա նոր-նոր եմ էդ բանը գիտակցում ու հասկանում, ու արդեն նաեւ հասկանում եմ, որ բացարձակ երջանիկ մարդու լուսավոր  դեմքն ու լուսավոր ժպիտն էլ են բացառիկ ու անզուգական, ինչպես նաեւ՝ մտքի ու հոգու ողջ լավատեսությունն ու զվարթությունը, եւ չնայած Կարենը չորսիցս ամենատարեցն էր, ինքն ակնհայտորեն  երեքիցս  ամենազվարթն ու ամենալավատեսն էր, եւ եթե բուֆետապանուհին ամենավերջում չհիշեցներ, որ բուֆետը փակելու է, մենք մինչեւ լույս հաղորդակից կլինեինք Կարենի հոգու ողջ լավատեսությանն ու զվարթությանը, բայց բուֆետապանուհին էդ իրիկվա ներկայացումից անմիջապես հետո հայտնվեց ու ազդարարեց էդ իրիկվա ավարտը, եւ երբ բուֆետապանուհին  հայտնվեց ու Կարենին ասաց՝ «Գուրգենիչ ջան, կներես, բայց պիտի փակեմ», Կարենն իր փիլիսոփայությունը դադարեցնելով՝ նայեց ժամացույցին ու ասաց՝ «հա. արդեն իրոք շատ ուշ ա» եւ մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ավելացրեց՝ «էս վերջին ամուսնությունիցս հետո էսքան ուշ տուն գնացած չկայի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չհաշված էն օրերը, որ Լիանայի հետ մեր համատեղ ներկայացումից հետո տուն ենք գնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի ինքը հաստատ շատ անհանգիստ ա, որ էսքան ուշացա», եւ բուֆետապանուհին  Կարենին ասաց՝ «պիտի զանգեիր զգուշացնեիր, որ ուշանալու ես», եւ Կարենն ասաց՝ «զանգել զգուշացրել եմ, բայց, մեկ ա, կանհանգստանա», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «որովհետեւ  ինքը քեզ շատ ա սիրում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ շատ ա սիրում», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու  ժպտալով ասաց՝ «զգացվում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց չպիտի իրա սերը չարաշահես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «պիտի վախտին տուն գնաս, որ չանհանգստանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նոր ինձ էլ տնից զանգեցին» եւ մի քիչ էլ  մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, իմ համար էլ անհանգստացող կա», եւ Կարենը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «փաստորեն, դու էլ սիրող ունես», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց եւ ժպտալով ասաց՝ «ինձ սիրելու վախտերը շուտվանից անցել են», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի քանի ամիս առաջ ինձ էլ էր թվում թե՝ ինձ սիրելու վախտերն անցել են», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու Կարենին ասաց՝ «դու տղամարդ ես. տղամարդիկ ուշ են պառավում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած… նայած տղամարդ», եւ Կարենը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «քեզ նայողը չի ասի թե՝ պառավ ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ պառավ ըլնեիր, մարդդ չէր անհանգստանա, որ ուշ ես տուն գնում», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց, որ մարդս անհանգստացել ա», եւ Կարենն ասաց՝ «նոր դու էիր ասում, որ տնից զանգեցին», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսքան տարվա մեջ ոչ մի անգամ առիթ չեմ տվել, որ մարդս իմ համար անհանգստանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ուրիշների  համար ավելի շատ ա անհանգստացել, քան՝ իմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ չանհանգստանար, չէր զանգի», եւ բուֆետապանուհին ժպտալով ասաց՝ «ոչ թե մարդս էր զանգել, այլ՝ հարսս», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բախտավոր կնիկ ես», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ եմ բախտավոր», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «հազարից  մի հարս ա կեսուրի համար անհանգստանում», եւ բուֆետապանուհին բավական երկար մտածեց ու ասաց՝ «մի քանի րոպե որ ուշանում եմ, գլուխները կորցնում են», եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դուք գնացեք, որ ես էլ փակեմ գնամ, Գուրգենիչ ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «կներեք, բայց ստիպված եմ. հիմի թոռներս սաղ տունն իրար են խառնել»,  եւ Աշոտը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «մենք էլ քեզ էինք սպասում, որ վեր կենանք», եւ բուֆետապանուհին  տհաճությամբ նայեց Աշոտին ու ասաց՝ «անպայման մի թարս բան պիտի ասի», եւ Աշոտը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «գիտեինք, որ քո համար անհանգստացողներ կան»,  եւ բուֆետապանուհին տհաճությամբ նայեց Աշոտին ու քամահրանքով ասաց՝ «տարոսը քեզ» եւ մի  քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դե արի՝ էս մարդկանց լավություն արա», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լավություն ես արել», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «էս քանի ժամ ա ռադս քաշել էի, որ ձեզ ազատ զգաք. ձեր համար ազատ ասեք ու խոսաք», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «մեզ էլ թվում էր՝ ներկայացումն ես նայում», եւ բուֆետապանուհին արհամարհական նայեց Աշոտին ու ասաց՝ «ճիշտ ա թվացել» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «էդ ներկահացումն   էրկու անգամ նայել էի, բայց մի անգամ էլ ձեր խաթեր նայեցի», եւ Գագոն նայեց բուֆետապանուհուն ու զարմացած հարցրեց՝ «ըտենց խալաթով դահլիճ էիր մտե՞լ», եւ բուֆետապանուհին արհամարհական նայեց Գագոյին ու ասաց՝ «կուլիսներից էի նայում», եւ Աշոտը ժպտալով Գագոյին ասաց՝ «կարող ա՞ ինքը չուժոյ մարդ ա, որ դահլիճից նայի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «ամեն  դեպքում, ճիշտը դահլիճից նայելն ա», եւ բուֆետապանուհին տհաճությամբ նայեց Աշոտին ու քամահրանքով ասաց՝ «ձեր խաթեր  էի էդ  ներկահացումը երրորդ անգամ նայում», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց մեր խաթեր», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոտս կախ էի գցել, որ ձեզ էստեղ ազատ զգաք», եւ Կարենը բուֆետապանուհուն ասաց՝ «մենք քո ներկայությամբ էլ ենք մեզ ազատ զգում», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան չըլնի՝ տղամարդ եք. կարող ա մտքներովդ անցնի՝ ուրիշ բաներ խոսաք», եւ Կարենը ժպտալով բուֆետապանուհուն հարցրեց՝ «ի՞նչ ուրիշ բաներ», եւ բուֆետապանուհին  մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ չվերաբերող բաներ», եւ Կարենը ծիծաղելով բուֆետապանուհուն ասաց՝ «էս աշխարհում ըտենց բան չկա, որ քեզ  չվերաբերի», եւ Գագոն ժպտալով բուֆետապանուհուն հարցրեց՝ «կարող ա՞ միտինգի էլ էիր մեր խաթեր գնացել», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «միտի՞նգն ինչ կապ ունի», եւ Գագոն ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «կարող ա մեր խաթեր միտինգի էիր  գնացել, որ մենք ըստեղ մեզ ազատ զգանք», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «միտինգի ոչ թե մեր խաթեր էր գնացել, այլ՝ ժողովրդի խաթեր», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «խե՜ղճ ժողովուրդ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել