Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյան. «Իմ մեկնաբանությունը ոչ ոք չի լսել, ու ֆանտազիայով խոսում են»

Օգոստոս 24,2012 15:35

«Մինչեւ այսօր այդ հայտնի դեպքի հետ կապված որեւիցե մեկնաբանություն ես չեմ տվել: Մնացած բոլորը, ով ինչ գրում է, կարող եմ ասել՝ իլյուզիաներ են: Երբ որ իմ բերանից մեկնաբանություն կլսեն՝ այդ ժամանակ կարող են պնդել: Իմ մեկնաբանությունը ոչ ոք չի լսել ու ֆանտազիայով խոսում են»,- երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո «Առավոտի» հետ զրույցում այսպես պատասխանեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, երբ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակցի հետ կապված հայտնի միջադեպի հետ կապված խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել: Հիշեցնենք, որ այն ժամանակ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ծեծի էր ենթարկել նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին, բարձրացված մեծ աղմուկից հետո հրաժարական տվել պաշտոնից: Գագիկ Բեգլարյանին այդ դեպքից հետո համեմատեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ նշելով, որ երկուսն էլ մարդ են ծեծում, բայց խրախուսվում են բարձր պաշտոններով, քանի որ ՀՀԿ-ի համար ծառայություններ են մատուցում: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այդ առնչությամբ իրեն ուղղված բազմաթիվ քննադատություններին: Պարոն Բեգլարյանը վստահեցրեց, որ իր հասցեին քննադատություններն այնքան էլ շատ չեն այդ մասին. «Ես շատ քննադատություններ չեմ լսել, չեմ կարդացել, ի՞նչ քննադատության մասին է խոսքը, ինձ քննադատե՞լ են»:

Մեր հարցին՝ Ըստ Ձեզ, Ձեր ծառայությունները ՀՀԿ-ն բա՞րձր է գնահատում,  Դուք ինչպե՞ս եք զգում՝ բավականաչափ գնահատվա՞ծ եք, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Հանրապետական ղեկավարները նոր դուրս եկան, նրանցից ճշտեք: Ես գնահատում եմ ընդհանրապես այլ բաներ: Մեր մոտ այդ արժեքային համակարգը տարբեր հասկացողություն ունի: Գնահատվել  եմ թե չէ՝ ես երբեք այդպես չեմ նայում: Ախ ձեր համար պաշտոնը գնահատական է, հա՞: Ինձ համար ծառայություն է՝ պետության համար ու քրտնաջան ծառայություն»:

Պարոն Բեգլարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե այս տարի որտե՞ղ է անցկացրել ամառային հանգիստը: Նախարարը պատասխանեց. ««Ես այս տարի ոչ մի տեղ չեմ հանգստացել, արձակուրդ չեմ գնացել»:

Մեր դիտարկմանը, որ ամեն տարի մամուլում շրջանառվում է, թե Դուք որ կղզիներում ու ինչ շքեղ պայմաններում եք անցկացնում Ձեր հանգիստը, այս տարի այդ մասին ոչ մի լուր չշրջանառվեց՝ նա պատասխանեց. «Ես երազանք ունեմ՝ կգա մի օր, որ մամուլը միշտ ճիշտը կհրապարակի: Ես արձակուրդում չեմ եղել` ինչ աշխատում եմ ու առայժմ չեմ էլ  պատրաստվում արձակուրդի գնալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031