Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք մեր եղբայրներն են

Օգոստոս 24,2012 15:10

Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասից հակասական տեղեկություններ են գալիս` շատ հնարավոր է, որ այդ շրջանն իսկապես ձեռքից ձեռք է անցնում եւ երեկվա դրությամբ, որքան հասկացա, գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Մի բան պարզ է` այդ քաղաքում ապրելը,  աշխատելը, երեխաներին դպրոց, մանկապարտեզ ուղարկելը անվտանգ չէ, եւ բնական է, որ մեր հայրենակիցները, տունն ու աշխատանքը սրտի կսկիծով թողնելով, մեկնում են այլ երկրներ` այդ թվում գալիս են այստեղ, Հայաստան: Ի դեպ, ես նրանցից մի քանիսին հարցրեցի` արդյոք իրենց համար նախընտրելի չէ՞ Լիբանանը, եւ պատասխանն ինձ շատ տրամաբանական թվաց` իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մի քանի տարուց նույնը Բեյրութում չի սկսվի:

Տեղահանվելու սթրեսը կա այդ մարդկանց գենետիկ հիշողության մեջ` նրանց պապերի մեծ մասն իրենց կամքով չի հայտնվել Հալեպում: Եվ չնայած 100 տարի առաջ բռնությունը նպատակաուղղված էր հատկապես հայերի դեմ, իսկ հիմա հայերը ընդհանրապես այս ներսիրիական հակամարտության մեջ կողմ չեն հանդիսանում, ու հուսով եմ, չեն դառնա, նմանությունն ակնհայտ է` մարդիկ զրկվում են հարազատ օջախներից: Բայց տվյալ դեպքում նրանք ակնկալում են ոչ թե արաբների, այլ հայերի, հայկական պետության հյուրընկալությունը: Արդյոք մենք` հայաստանցիներս, պետական, հասարակական, կենցաղային մակարդակով պատշա՞ճ բարձրության վրա ենք: Վախենամ, որ` ոչ:

Պարզ է, որ կոռուպցիայի մեջ մինչեւ կոկորդը թաթախված պետական պաշտոնյաները հանուն սիրիահայերի իրենց «վատ բնավորությունը» չեն թողնի եւ ամբողջությամբ կօգտվեն մարդկանց անօգնական վիճակից` իրենց նյութական խնդիրները լուծելու համար: Այդ պատճառով էլ անիմաստ է կաշառակեր գայլերի գլխին Ավետարան կարդալը: Բայց մնացա՞ծը: Օրինակ, անշարժ գույքի բիզնեսմենները: Պարտադի՞ր է արդյոք մի քանի հարյուր հայրենակիցների դժբախտության վրա փող շինելը: Եվ ընդհանրապես, ես չեմ հասկանում «հասարակ ժողովրդի» փնթփնթոցը մեր հայրենակիցների հասցեին, որի մեջ, անշուշտ, լյումպենական նախանձի տարր կա: Այո, սիրիահայի կենսական միջին մակարդակն ավելի բարձր է, քան հայաստանցունը, բայց այդ մարդիկ հաստատ մեղավոր չեն, որ ապրել են մեզնից ավելի բարեկեցիկ երկրում: Ես չեմ հասկանում նաեւ քաղաքական գործիչներին, որոնք անպատասխանատու մեկնաբանություններով փորձում են ինչ-որ դիվիդենտներ շահել, բայց  միաժամանակ դրանով վնասում են մեր եղբայրներին: Աստված տա` իրավիճակը Սիրիայում հանդարտվի, եւ նրանք կարողանան վերադառնալ իրենց տները: Բայց եթե չստացվի` ես շատ կուզեի, որ նրանք մնան այստեղ, դառնան մեր երկրի լիարժեք քաղաքացները:

Ես գիտեմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց իմ կարծիքով, այնուամենայնիվ, հայերի համար ամենաանվտանգ տեղը Հայաստանն է: Դա, մեղմ ասած, աշխարհի ամենաարդար եւ ամենաբարգավաճ երկիրը չէ, այստեղ ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, կատարվում են բազմաթիվ անպատիժ ապօրինություններ: Բայց Հայաստանը մնացած` շատ ավելի լավ պետությունների նկատմամբ ունի մեկ անվիճելի առավելություն` դա մեր, հայերիս երկիրն է, եւ դրա դրական եւ բացասական կողմերի համար պատասխանատու ենք միայն մենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031