Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հավաքվում են «բոմժեր», տաքսու վարորդներ, գիշեր-ցերեկ աղմուկ աղաղակ է»

Օգոստոս 24,2012 14:41

Կոմիտաս 3 շենքի 6-րդ մուտքի բնակիչ Ռաֆիկ Վիրաբյանն արդեն 3 տարի է, ինչ պայքարում է շենքի դիմացի մայթը «բուտիկներից» ազատագրելու համար:

2009 թ.-ից սկսած նա գրավոր բողոք է ներկայացնում քաղաքային իշխանություններին, դժգոհելով, որ իր ննջասենյակի պատուհանից  ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա երկու մամուլի կրպակ է տեղադրված, մեջտեղում կարկանդակների ու զովացուցիչ ջրերի կրպակներ, իսկ ամռան ամիսներին էլ պաղպաղակի կետ է ավելանում:

«Կանգառը ոնց որ պաշարման մեջ լինի, կրպակների պատճառով կրճատվել է տարածքը, մարդիկ էլ, հատկապես առավոտվա ժամերին, ստիպված փողոցում են տրանսպորտի սպասում: Մի հատ եկեք հագեցած ժամերին, 30-40 մարդ է փողոցում կանգնած, բա ու՞ր կանգնեն, եթե չորս կողմը կրպակ ու սառնարան է: Ախր ես հիվանդ մարդ եմ, սիրտս վիրահատած է, հարեւանս էլ կաթված է տարել, էնքան շատ է դրսի աղմուկը, որ էս ամառվա շոգին չենք կարողանում պատուհան բացել: Սա շուրջօրյա աշխատող կրպակ է, ուշ երեկոյան հավաքվում են էլ «բոմբժեր», էլ տաքսու վարորդներ, աղմուկ-աղաղակ է, հայհոյանք, ռաբիս երաժշտությունը բարձր միացրած, ուշ ժամերին վերեւի ռեստորանի հարբած հաճախորդներն էլ իջնում են էստեղ՝ զովացուցիչ ջրեր խմելու: Մի խոսքով, զզվել եմ արդեն, պատուհանիցս  ընդամենը 5 մետր հեռավորության վրա ասիական շուկա է ու «ռազբոռկաների» կենտրոն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ռաֆիկ Վիրաբյանը: Այս հասցեի բնակիչների կրած անհարմարություններն ու տհաճություններն այդքանով չեն սահմանափակվում: 9 մուտքանոց շենքին սպասարկող անցումը անտունների ու կարգազանց քաղաքացիների «շնորհիվ» վերածվել է հասարակական զուգարանի:

Ռաֆիկ Վիրաբյանը, համայնքային ու քաղաքային իշխանություններից պահանջում է ապահովել հանգիստ ապրելու իր իրավունքը. «Ես պահանջում եմ կրպակը քանդել կամ էլ ժամը 23:00-ից հետո նրա աշխատանքը դադարեցնել: Շրջակայքում գործում են շուրջօրյա սուպերմարկետներ, եւ էս «բուտիկների» անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Ծիծաղելին այն է, որ իմ բողոքներին քաղաքապետարանից ու թաղապետարանից պատասխանել են, որ կարկանդակի կրպակը ղեկավարւթյան ամենօրյա հսկողության տակ է գտնվում: Ուրիշ բան ու գործ չունե՞ն»:

Ի դեպ, մեկ անգամ պարոն Վիրաբյանի բողոքը տեղ է հասել, ու նրա պահանջով կրպակի վրա գրված «Կեր ինձ» ցուցանակը ու կանգառի մոտ դրված սեղանները հանվել են: Ռ. Վիրաբյանը պատմում է, որ ամռան ամիսներին կնոջ հետ Եղվարդում են մնում՝ տղայի տանը, որպեսզի գոնե մի քիչ գլուխներն ազատեն իրենց պատուհասած խնդիրներից ու կարողանան քնել: Անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին քաղաքացի Վիրաբյանին վստահեցրել են, որ տարվա վերջին կանդրադառնան նրա խնդրին, բայց մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել:«Մեր հասարակության մեջ էնքան անառողջ է մթնոլորտը, որ եթե ինչ-որ մեկն ուզում է իր իրավունքների համար պայքարել, ասում են՝ «կլյաուզնի՞կ» է, չենք թողնում մարդիկ երկու կոպեկ աշխատեն, բայց ես իմ տարրական հանգիստն եմ ուզում ապահովել, ի՞նչ է իրավունք չունե՞մ գլուխս հանգիստ դնել բարձին»,-ասում է Վիրաբյանը:

Թիվ 80 բնակարանի բնակիչ տիկին Միրա Մարդյանն էլ, մեզ հետ զրույցում դժգոհություն հայտնեց, որ իրենք քուն ու դադար չունեն, մինչեւ գիշերը 3-4-ը հնարավոր չի լինում ննջասենյակում քնել:

Կրպակի աշխատակիցը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց մոտ հանգիստ է, եւ անտուններ էլ չեն հավաքվում. «Բոմժը գա էստեղ ի՞նչ անի, մենք նույնիսկ ոգելից խմիչքներ չենք վաճառում: Ուղղակի Կոմիտասի փողոցն է շատ աղմկոտ, կանգառ է, մեկ-երկու կրպակ, բա ի՞նչ եք ուզում: Մի քիչ վերեւում էլ 2 ռեստորան կա, գիշերվա լռության մեջ նույիսկ նրանց խոսակցության ձայնը աղմուկ է ստեղծում, մեկ-մեկ էլ տաքսիներն են կանգնում ուշ ժամի: Թող ոստիկանությունը արգելի»:

ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031