Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը բամբասկոտ կնկա նման պետք է փորձի բացատրել իր անկարողությունը ՏԻՄ ընտրություններում»

Օգոստոս 24,2012 14:37

Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՀԿ-ն առաջատար ուժն է այս ՏԻՄ ընտրություններում` թեկնածուների քանակով: Ըստ նրա` թեկնածուների ընտրությունը կատարվում է ոչ թե կուսակցական սկզբունքով, այլ ընտրվում են մարդիկ, ովքեր իսկապես վայելում են տվյալ համայնքում ժողովրդի սերն ու վստահությունը. «Մենք բոլորս տեսանք, որ ՀՀԿ համամասնական ցուցակը որակապես տարբերվում է նախորդ ցուցակներից, նույն տենդենցն էլ շարունակվում է ՏԻՄ ընտրություններին»:

ՀԱԿ-ը ընդհանրապես թեկնածու չունի, «Ժառանգությունը» մեկ թեկնածու է առաջադրել, ընդդիմությունից ակտիվ է Դաշնակցությունը: Բաբուխանյանի մեկնաբանությամբ՝ «Դա նշանակում է, որ ընդդիմությունը մարզերում չունի աջակցություն: Ինչպես տեսանք, Լեւոն Տեր-Պետրոսյանը Գորիսում հավաքում էր 10-15 հոգի, նույն տենդենցը շարունակվում է: Ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, չի հետաքրքրվում մարզային խնդիրներով: ՀԱԿ-ի միակ նպատակը բոլոր մեթոդերով իշխանության հասնելն է, եւ անել այն, ինչ անում էին ժամանակին իշխանության հետ: ՀԱԿ-ին չեն հետաքրքրում այն խնդիրները, որոնք կային տեղերում: Եթե նպատակ ունենային ծառայել ժողովրդին, հազարավոր խնդիրներ կան, իշխանությունն է ստիպված զբաղվել այդ խնդիրներով»:

Aravot.am-ի հարցին` կոնգրեսականները պատճառաբանում են, որ ՏԻՄ ընտրությունների պասիվությունը պայմանավորված է նրանով, որ բացարձակ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծված, որ ՀՀԿ-ն գործի է դնում ողջ պետական լծակները, եւ այդ պարագայում ՏԻՄ ընտրություններին մասնակցելն անարդյունավետ է լինելու, Դուք, փաստորեն այս պատճառաբանությունը չհիմնավորվա՞ծ եք համարում՝ նա պատասխանեց. «Կոնգրեսը չունի սոցիալական բազա, հենարան չունի մարզերում, բնական է, որ բամբասկոտ կնկա նման պետք է փորձի բացատրել իր անկարողությունը: Թե իրենց նեղում են, ճնշում են, ծիծաղելի է, որովհետեւ ընտրությունները դեռ չսկսած՝ դեռ պարզ չի, թե ով պիտի նեղի: Հավաքելով Երեւանում մոտ 15 տոկոս ձայն, ՀԱԿ-ը բերեց նրան, որ այդ ձայները փոշիացրեց, իրենց ավագանու անդամները չեն մասնակցում աշխատանքին: Իսկ իրենց ասածը զուտ արդարացում է»:

Հարցին, թե ովքե՞ր են նախագահի հավանական թեկնածուները՝ Բաբուխանյանը մեկ թեկնածու նշեց՝ Սերժ Սարգսյանը. «Կարծում եմ ընդդիմությունն ի վիճակի չէ գնալ միասնական թեկնածուի ճանապարհով, որովհետեւ ամեն մեկն իր գործն է առաջ տանում, այս ընդդիմությունը մտահոգված չէ երկրի ճակատագրով: 96-ին միավորվեցին, Վազգեն Մանուկյանը հաղթեց Լռւոն Տեր-Պետորոյսնին, վերջինս ստիպված զորք մտցրեց: Այն ժամանակ դա հնարավոր էր, հիմա՝ ոչ»:

Հայկ Բաբուխանյանը նաեւ նշեց, որ Քրեաօլիգարխիկ համակարգը մեր երկրում ձեւավորվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք զարգացավ: Հարցին՝ իսկ այսօր կա՞ քրեաօլիգարխիկ համակարգ՝ նա պատասխանեց. «Մենք տեսնում ենք, որ դրական տենդենց կա, մենք պետք է լուծենք, որ ընդհանրապես նման երեւույթներ չլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031