ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում սեպտեմբերի 19-ին կշարունակվի անշարժ գույք գնելու նպատակ ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի պաշտպան Հովիկ Արսենյանի բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը միջնորդում է ամբաստանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ կամ նրան դատապարտել պայմանական ազատազրկման:
Դատարանում հրապարակվեցին գործի հանգամանքները: Ըստ այդմ, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճռով Սիմոն Աղազարյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Դատարանը հիմնավորված էր համարել մեղադրանքը, ըստ որի «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Աղազարյանը իր կարգադրիչ լիազորություններն իր անձի օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու նպատակով, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2006-2008թթ. Բյուզանդի 9 հասցեում կառուցվելիք բազմաբնակարան շենքից անշարժ գույք վաճառելու նպատակով, 65 քաղաքացիների հետ անշարժ գույքի նախնական առուվաճառքի, փոխառության և ներդրումային համագործակցության մասին պայմանագիր կնքելով, արտերկրից ստացել է 273.420.511 ՀՀ դրամ գումար, ընդհանուր հավաքագրել է 3.300.005.191 ՀՀ դրամ գումար, որից նպատակային ծախսել է 1.784.209.294 ՀՀ գումար, իսկ 1.324.982.397 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:
Օգոստոսի 24-ին նշանակված դատական նիստը ընդմիջվեց և հետաձգվեց պաշտպան Հ. Արսենյանի բացակայության պատճառով: Վերջինիս տեղեկացմամբ, Եղեգնաձորում այլ նիստի մասնակցելու պատճառով չի կարող ներկա գտնվել վերաքննիչ բողոքի քննությանը:
«Փաստինֆո»