Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցից:
– Տիկին Զոհրաբյան, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար–հուլիս ամիսներին Հայաստան ժամանածների եւ ՀՀ–ից մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1 մլն 68 հազար 159 եւ 1 մլն 151 հազար 919: Հեռացողների թիվը հասել է 83 հազար 760-ի։ Ինչի՞ հետեւանք է սա։
– Շատ կարետր հարց եք տալիս, այսօր մեր երկրի հիմնական ու գերակա խնդիրներից երեքը կկարեւորեի՝ արտագաղթ, աղքատություն եւ արդարության պակաս: Սա աղետ է։ Ես զարմանում եմ, որ կառավարության որոշ ներկայացուցիչներ շատ թեթեւորեն են վերաբերում այդ լրջագույն խնդրին։ Մենք արդեն կանգնած ենք աղետի եզրին եւ այսպես թեթեւորեն նայել, հումորով հարցազրույցներ տալ արտագաղթի վերաբերյալ, ինչպես որոշներն են դա արել, ես, իհարկե, չեմ հասկանում։ Մարդիկ այսօր բախվում են տարբեր ատյանների հետ, որտեղ բացարձակ անարդարություն է տիրում։ Պետք է այդ հարցը լուծվի, թե չէ երկիրը դատարկվելու է ահա այսպիսի տեմպերով։
Կարդացեք նաև
– Իսկ ովքե՞ր են լուծելու այդ հարցը, ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենի մեղավորներն ու պատասխանատուները։
– Պատասխանատու են նրանք, ովքեր պետք է ամեն ինչ անեն, որպեսզի երկրում լինեն նորմալ աշխատատեղեր, որ կարողանան զբաղվածության խնդիրը լուծել, այլ ոչ թե խոսեն տնտեսական ինչ-որ իմիտացիոն աճերի մասին, որի տակ իրական հենք չկա։ Չխոսեն ավազե ամրոցների կառուցման մասին, չխոսեն քաղաքի տեխնոպարկի, չգիտեմ, Գյումրին մշակութային կենտրոն, Դիլիջանը, Ջերմուկը… չգիտեմ ինչեր դարձնելու, այդ կարգի իլյուզիաների մասին չխոսեն, այլ ռեալ իրականության մասին խոսեն։ ԲՀԿ-Ն, այս ամենը հաշվի առնելով հրաժարվեց կոալիցիա կազմելուց, եւ քարոզարշավի ժամանակ մեր հիմնական թիրախները դրանք են եղել, ի՞նչ անել արտագաղթը կասեցնելու համար, ի՞նչ անել աղքատության դեմ պայքարելու եւ արդարությունը վերականգնելու համար։
– Բայց այս թվերն աճել են այն ժամանակ, երբ ԲՀԿ–ն կոալիցիոն գործընկեր էր ՀՀԿ–ի եւ ՕԵԿ–ի հետ, այսինքն՝ ինչ–որ չափով ԲՀԿ–ն ես այդ ամենի մեղավորն է:
– Բացարձակապես ոչ, որովհետեւ կոալիցիայի մաս եղած ժամանակ էլ ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ երկրում սխալ տնտեսական քաղաքականություն է վարվում։ Մենք մշտապես բարձրաձայնել ենք վերը նշված խնդիրները եւ նշել՝ ահա այս խնդրին այսպիսի լուծում պետք է տալ։ ԲՀԿ-ն, անգամ լինելով կոալիցիայի անդամ, բազմիցս խոսել է, եւ մենք միշտ ասել ենք, որ լինել կոալիցիայի անդամ՝ դեռ չի նշանակում լինել սիամական երկվորյակներ եւ բոլոր հարցերի վերաբերյալ ունենալ միատեսակ դիրքորոշում։ Մենք ասել ենք՝ սխալ տնտեսական քաղաքականություն է տարվում, որը հասցնելու է ահա այսպիսի աղետալի հետեւանքների։
– Ընդդիմությունն այս ամենի ելքը տեսնում է իշխանափոխության մեջ, ո՞րն է ԲՀԿ–ի առաջարկած «դեղամիջոցը»։
– Մենք ասել ենք, որ երկրում պետք է տարվի ճիշտ տնտեսական քաղաքականություն, եւ Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ Ձեր բոլոր հարցերի պատասխանները տվել է։ Պետք է ներկայացվի այն, ինչն իրականում կա, ինչ թվեր որ առկա են, պետք է լինի թիմի փոփոխություն, քանի որ այս թիմն ի վիճակի չէ քաղաքականությունն իրականացնել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»