Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաուզայի» ընթացքում Հմայակ Հովհաննիսյանն ահագին բան էր մտածել, թե ինչպես պետք է ներկայացնի ինքնաբացարկի պատճառները

Օգոստոս 24,2012 11:52

Վերհիշենք, թե անցած երեք ամիսներին Հմայակ Հովհաննիսյանը ինչպես էր ներկայացնում իր ինքնաբացարկ հայտնելու պատմությունը:
Ճիշտ է, առաջին օրը լրատվամիջոցներին մի բան էր ասում, հաջորդ օրը հայտարարում, թե «հումորով է ասել», կամ լրագրողներն իրեն ճիշտ չեն հասկացել:
Մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններից հետո նա նախ վստահաբար հայտարարեց, թե «ի՞նչ է, Գագիկ Ծառուկյանը Աստվա՞ծ է, որ ինձ ինքնաբացարկ պարտադրի», իսկ երբ ստիպված եղավ ինքնաբացարկի դիմում գրել, որոշ ժամանակ լռելուց հետո անցավ «հակագրոհի»:
«Պաուզայի» ընթացքում պարզվեց՝ ահագին բան էր մտածել, թե ինչպես պետք է ներկայացնի ինքնաբացարկի պատճառները, որոնք շատ էին, բազմազան, բազմաբնույթ, իսկ որ ամենաուշագրավն է` խորհրդավոր:
Սկզբում խոցված հայտարարեց, թե ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվածներից մանդատ ստացան նրանք, ովքեր նյութական եւ ֆինանսական ներդրումներ էին արել, իսկ ինքը խեղճուկրակ մեկն է, եւ բնականաբար նման ներդրում չէր կարող անել:
Բազմիցս ակնարկեց, որ իրեն պարտադրել, ստիպել, անգամ սպառնացել են, որ անհապաղ ինքնաբացարկի դիմում գրի: Ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս. այդ մասին ոչինչ չէր ասում: Փոխարենը շարունակում էր բողոքել, թե իրեն ինչպես կարող էին զրկել մանդատից, երբ ինքն իր ընտրողներին խոստումներ է տվել, իր ընտրողները վստահել են իրեն եւ իրենց ձայները տվել են հենց իրեն (կարեւոր չէ, որ ընտրություններին մասնակցում էր համամասնական ցուցակով):
Այնուհետ դարձյալ խոսեց պարտադրանքի ու հարկադրանքի մասին, որոնք գործադրվել են իր դեմ, իսկ ինքը չէր կարող մանդատի համար վտանգել իր կյանքը. «Դուք ուզում էիք` ես Վահե Ավետյանի օ՞րն ընկնեի: Չգիտե՞ք, որ օլիգարխների հետ չեն վիճում մեր երկրում»,- ասուլիսում հայտարարեց նա: Բայց հաջորդ օրը շտապեց հերքել սեփական խոսքը` «Դա հումորով եմ ասել»:
Սրան հաջորդեց մի նոր պատմություն, որը Հմայակը ներկայացնում էր գրեթե լացակումած, ասելով, թե նախընտրական շրջանում իր դեմ «երեք գործ են հարուցել», իսկ այ, եթե մանդատ ունենար` պաշտպանված կլիներ:
Հետո մի փոքր հանդարտվեց, բայց դա կարճ տեւեց, քանի որ չէր կարողանում հաշտվել մտքի հետ, որ «Բարգավաճը» իրեն «քցել» է: Ախր, նախընտրական շրջանում իր միության տանիքի ներքո միասնական շտաբ էր ձեւավորել, այդքան քրտինք էր թափել, որ կարողանա ընդդիմադիր երեք ուժերին իր շուրջը հավաքել, համատեղ վերահսկել ընտրական գործընթացը: Եվ դրա ավարտից հետո, ահա, այսպիսի «շնորհակալություն»:
Հմայակին հատկապես բարկացնում էր փաստը, որ իր փոխարեն մանդատը բաժին էր հասել Տիգրան Ուրիխանյանին. հիշեց ու բոլորին հիշեցրեց Ուրիխանյանի «անցյալը», երբ վերջինս «հարձակվել» էր իրավապաշտպանի վրա:
Հմայակին հանգիստ չէր տալիս նաեւ այն փաստը, որ իր փոխարեն Վարդան Օսկանյանը դարձավ մանդատի տեր: Դրանից հետո հայտարարեց, թե իր մանդատը բաժին է հասել «Շերիֆին»` Գրիգոր Գրիգորյանին: «Բայց ես երջանիկ եմ, որ այդպիսի ոչ հիգիենիկ վիճակում չեմ հայտնվել»,- ինքն իրեն սփոփելով՝ հայտարարեց նա, բացահայտորեն ակնարկելով, որ ԲՀԿ-ն «հակահիգիենիկ ուժ է»:
Ի դեպ, վերջին շրջանում Հմայակը խոսում է իր մտադրությունների մասին, ասում է, որ պատրաստվում է մասնակցել խորհրդարանի լրացուցիչ ընտրություններին եւ ակնկալում է ԲՀԿ-ի աջակցությունը: Քանզի եթե Գագիկ Ծառուկյանն իրեն «5 տարի խնդրել-աղաչել է, որ 5-րդ համարը լինի», բնականաբար լրացուցիչ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ի աջակցությունը բացառել չի կարելի:

 ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031