ՀՀԿ-ի գրասենյակի մոտ հավաքված Բուզանդի եւ Արամի փողոցների իրացման գոտու բնակիչները ՀՀԿ խորհրդի նիստից հետո այսպես ասած «բռնացրեցին» Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինս ցուցարարների հետ «լեզու գտավ»: Համենայնդեպս, հանդիպումից հետո բնակիչները գոհ ու շնորհակալ հեռացան:
Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակցին խնդրեց գրանցել բոլորի հեռախոսահամարները ու ու վստահեցրեց, որ նրանց խնդիրն անպայման լուծվելու է: Ցուցարարներից նրան մոտեցավ մի կին՝ Էրեբունի համայնքի բնակիչ ու արցունքն աչքերին ու պատմեց, որ դպրոցական երեխա ունի. «Նա շոր ու կոշիկ չունի, ղուրբանդ ըլնեմ»: Քաղաքապետը հարցրեց՝ թաղապետարան դիմե՞լ եք: Կինն էլ՝ թե. «Մինչեւ Դուք չասեք, թաղապետարանը այդ հարցը լուծողը չի»: Տարոն Մարգարյանը աշխատակիցներին հրահանգեց. «Հեռախոսահամարը գրանցեք, դուք էլ վաղը կգնաք Կարապետյան Արթուրի մոտ: Հանգիստ գնա Չորբուլախ, վաղը կգաս քաղաքապետարան»:
Ցուցարարներից մեկի խոսքերով էլ՝ «Ես 60 տարեկան կին եմ, ոչ աշխատանք ունեմ, ոչ էլ, ես ո՞նց վարձ տամ, ո՞նց ապրեմ, շատերս ընկել ենք բանկերի դռները, տոկոսներ ենք փակում»:
Նրանցից մեկը պահանջեց. «Պարո՛ն Մարգարյան, մենք ձեզանից շատ բան չենք ուզում, մեզ մեր հո՛ղը տվեք, մեզ մեր 4 պատը տվեք՝ ապրենք: Եթե այս հարցին լուծում չեղավ, որոշել եմ՝ դուռս փակելու եմ, Հայաստանից գնամ»:
Կարդացեք նաև
Երբ քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է ի վերջո այդ մարդկանց խնդրին լուծում տրվելու, նա պարզաբանեց. «Ֆինանսների նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով՝ նախարարի գլխավորությամբ: Այդ հանձնաժողովում շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչները կան: Քննարկվում է փաստը, քննարկումից հետո արդեն հանձնաժողովը կհրապարակի վերջանական որոշումը»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ 8 տարի է՝ նոր քննարկվո՞ւմ է դեռ՝ նա պատասխանեց. «Հանձնաժողովը նոր է ստեղծված, եւ համոզված եղեք, որ հանձնաժողովն ամեն քայլ ձեռնարկելու է, որ այդ խնդիրը լուծվի»:
Ժամանակին, երբ այդ բնակիչներին փորձում էին իրենց տներից դուրս անել, բոլորովին այլ խոստումներ էին տալիս: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Տարոն Մարգարյանն ասաց. «Դրա համար այն ներդնողները, այն սեփականատերերը, որոնք մեր քաղաքացիներին խաբել են, հիմա նրանց դեմ քրեական գործ է հարուցված, եւ մենք օրենքով այդ քրգործն առաջ կտանենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ