ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քիչ առաջ սկսել է ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ պետք է քննարկվի ՏԻՄ ընտրություններին առաջադրվելիք թեկնածուների հարցը: Իմանալով, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ներկա են լինելու այդ նիստին` իրացման գոտու՝ հիմնականում Արամի եւ Բուզանդի փողոցի բնակիչները գրասենյակի մոտ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են հանդիպում՝ նախագահի հետ:
Ցուցարարներից մեկը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց. «Արդեն 8 տարի է՝ մեզ խաբում են, ամեն օր ասում են՝ կլինի, կլինի, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Ընդ որում, մենք անհատի հետ պայմանագիր չենք կապել, պայմանագիր կապել ենք պետության հետ՝ քաղաքապետարանի հետ: Ուրիշ բան, որ անհատական մարդ լիներ: Պետությունն էլ խաբել է ժողովրդին: Խոսում են, որ Բաքվում հայերին հանեցին, ամեն տարի էդ օրը նշում են, բայց մոռանում են, որ իրենք քաղաքի հենց կենտրոնի բնակիչներին են հանել, շենք կառուցել՝ իրենց համար: Մենք բազմիցս վերեւներին գրավոր դիմումներ ենք գրել, անգամ նախագահին, բայց ոչ մի լուծում չեն տալիս: Մենք հայտնվել ենք դրսում: Սրանք միայն ջուրծեծոցի են անում»:
Ցուցարարների հետ հանդիպման էր եկել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը (լուսանկարներում` փողկապով եւ կոստյումով սպիտակահար տղամարդը): Նա մեկ առ մեկ լսեց բնակիչների բողոքները եւ խոստացավ լուծում գտնել: Բնակիչները անհամբեր սպասում են, թե երբ նիստից հետո իրենց հետ կխոսի վարչապետը կամ նախագահը: Սակայն ոստիկանները արդեն փակել են նրանց ճանապարհը, եւ, բնականաբար, կփորձեն խոչընդոտել նրանց շփումը ՀՀԿ-ական պաշտոնյաների հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև