Այսօր Aravot.am-ը Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանին հարցրեց, թե իր կարծիքով ո՞րն է ճիշտ` ազատվե՞լ Վարդան Ղուկասյանի կադրերից, թե՞ այդուհանդերձ ընտրություն կատարել նրանց միջև: Պարոն Պապանյանը, որպես հին ու փորձառու պաշտոնյա, կադրային քաղաքականության հարցում ի՞նչ խորհուրդ կտա Գյումրու առաջիկա քաղաքապետին: Հիշեցնենք, որ պարոն Պապանյանը այսօրևեթ դիմում է ներկայացրել թանգարանի տնօրենի պաշտոնից ազատվելու մասին: «Ես ձեզ ասեմ, որ մեր այսօրվա քաղաքապետարանում պրոֆեսիոնալ, նորմալ, բարխիղճ աշխատակիցներ կան` շատ-շատերը, և չեմ կարծում, որ նոր քաղաքապետը կցանկանա բոլորից ազատվել, պարզապես նորմալ մարդը չի ցանկանա բոլորից ազատվել: Ես հիշում եմ, որ երբ Վարդան Ղուկասյանը եկավ քաղաքապետ, էլի բոլորից չազատվեց, նորմալ մասնագետների թիվն ավելացվեց, եթե հիշում եք: Պետք է մարդկանց հետ աշխատել, տեսնել ինչպիսին են , հետո նոր որոշել: Չեմ կարծում, որ նոր քաղաքապետը ուզենա դիմել էդ քայլին, ամեն դեպքում իրեն պետք է հարցնեք` երբ որ ընտրվի, այդ դեպքում 4 –ից մեկնումեկին կհարցնեք»,-ասաց թանգարանի տնօրենը:
Ի դեպ նշենք, որ քաղաքապետարանում, բացի հայեցողական պաշտոններից, կան նաև համայնքային ծառայողներ, որոնցից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, նրանք մրցույթի են մասնակցում աշխատանքի ընդունվելու համար, և նրանց իրավունքները ֆիքսված են հենց «Համայնքային ծառայողի մասին» օրենքում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ