Համազգային թատրոնի առաջատար դերասան Կարեն Խաչատրյանը Անկախության հռչակագրի ընդունման 22-ամյակի առիթով տոնի զգացողություն չունի: Ասում է՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում եւ նրա շուրջը, «նեղացնում» ու մթագնում են անկախության զգացումը Հայաստանի քաղաքացու մոտ:
«Ամեն ինչ տվեցինք օտարին, ղարաբաղյան հաղթանակներն անգամ չեն անդրադառնում մեր հոգեվիճակի, ոգեղենի ու գոյի վրա: Ասում են՝ առաջիկայում Ռուսաստանը պատրասվում է հեշտացված ռեժիմով ռուսական անձնագրեր շնորհել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիներին: Վստահ եմ, հենց նման բան եղավ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 %-ը միանգամից կդառնա Ռուսատանի քաղաքացի: Ամեն ինչ այլեւս այլասերված է, եւ այս ամենի մեջ չի ստացվում անկախության մասին «լիաթոք» մտածելը: Լինելով արվեստի մարդ, ես ստիպում եմ ինձ լավատես լինել եւ ափսոսում եմ, որ տխուր ենք նշում տոները: Փաստորեն Հայաստանում տոն չի ստացվում: Մենք ամբողջ ժողովրդով դարձել ենք Չեխովյան պերսոնաժներ: Ասում են՝ լավատեսությունը գալիս է ինֆորմացիայի պակասից, իսկ հայաստանցիներս ինֆորմացիայի պակաս չունենք, հետեւաբար լավատես լինել չենք կարող»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ