Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հեքեքյան. Ուրիշի ուժեղ, սիրուն, հարուստ հայրումայրը չեմ ուզում

Օգոստոս 23,2012 17:16

Aravot.am-ը ճանաչված խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանից հետըաքրքրվեց՝ ի՞նչ զգացողություն ունի Անկախության հռչակագրի ընդունման 22-ամյակի առիթով: Արվեստագետը նշեց, որ հռչակագրի ընդունման օրը Հայաստանի սահմաններից դուրս է եղել ու հիմա չի կարող նկարագրել այն հուզմունքը, որ ժամանակին ապրել է:

«Զարմանում եմ, որ երբեմն մարդիկ քննարկման են դնում՝ Անկախությունը լա՞վ էր, թե վատ: Ախր անկախությունը մարդուն տրվում է ծննդյան օրվանից, եւ ցանկացած կենդանի էակ ձգտում է դրան: Թե ինչքանով ենք մենք իրապես անկախ, ամեն մարդ ունի իր պատկերացումը, բայց այն, որ գոնե ձգտել ենք, հանրաքվեի ժամանակ բոլորս անկախության համար ենք քվեարկել եւ մեզ հռչակել ազատ անկախ հանրապետություն՝ փաստ է, եւ մեր պատմության լուսավոր էջերից: Հպարտ եմ, որ գոնե այժմ, եթե ո՛չ լիարժեք, բայց անունով անկախ երկրում եմ ապրում, ուրախ եմ, որ 20 տարի աշխատում եւ մաքառում եմ այս անկախ երկրում՝ 1000 ու մի դժվարություն հաղթահարելով: Ի դեպ, բոլոր դժվարությունները ներքին են, արտաքին դժվարություն համարյա չունենք:

Գուցե երբեմն տրտնջում եմ, բայց չեմ հուսահատվում եւ եթե նույնիսկ ինչ-ինչ թերությունների մասին բարձրաձայնում եմ, ապա միայն սիրելով, որովհետեւ աշխարհով պտտված լինելով հանդերձ, չեմ պատկերացնում, թե կարող եմ մեկ այլ երկրում ապրել: Ուրիշ է իմ հողն ու ջուրը, իմ վատ եւ լավ հայրենակիցները, իսկ վատի դեմ պետք է պայքարել կրթելով:

Սա իմ հայրենիքն է, մա՛յր հայրենիքը՝ հայրս ու մայրս, ես ուրիշի ուժեղ, սիրուն, հարուստ հայրումայրը չեմ ուզում, իմ հայրումայրը ամենաթանկն են ինձ համար, ու պիտի ամեն ինչ անենք, որ այն ավելի հզորացնենք, կիրթ լինենք, բարի, միմյանց հանդեպ հանդուրժող: Երեւի թե հաջորդ 20 տարիներին թոթափենք այս 20 տարիների կուտակած մեր սխալները: Ու այդ ամենում ամենակարեւոր բանը կրթությունն է, անգամ այսքան հակադաստիարակչական վիճակում հրաշք երիտասարդներ ունենք, որոնք թե՛ Հայաստանում են հրաշալի, թե՛ արտերկրում սովորելիս ու աշխատելիս են առանձնանում իրենց որակով: Հենց այս սերունդն էլ պիտի հաջորդ սերնդին կրթի, դաստիարակի հոգեւոր չափանիշներով, եւ մենք միայն այդ դեպքում կդառնանք իսկապես գեղեցիկ ու հզոր երկիր: Կարծում եմ՝ նման մի բան էլ այժմ ես եմ անում, որովհետեւ գիտեմ՝ տաղանդավոր երեխաներով պետք է ապագան կերտվի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031