«Եթե Հմայակ Հովհաննիսյանը շարունակի իր ոչ ադեկվատ վարքագիծը, բնականաբար, բոլոր այդ փաստերը կհրապարակվեն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ի՞նչ փաստական ապացույցներ ունեք, որ, ինչպես ասված էր ԲՀԿ նախագահի խոսնակի տարածած հայտարարության մեջ՝ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքական անպարկեշտություն է արել եւ փորձել մանեւրել դաշտում:
Հիշեցնենք, որ երեկ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Aravot.am-ին բացահայտել էր «իրականությունը», որ Գագիկ Ծառուկյանն է իրեն 5 տարի խնդրել-աղաչել, որ լինի ԲՀԿ համամասնական ցուցակի 5-րդ համարը: Ինչին ի պատասխան` Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանում էր տվել, որ իրենց ձեռքի տակ կան Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստեր եւ որ Հմայակ Հովհաննիսյանն ինքնակամ է ինքնաբացարկի դիմումը ներկայացրել` այդ փաստերի ներքո:
Երբ Նաիրա Զոհրաբյանին խնդրեցինք հրապարակել այդ փաստերը` նա ասաց. «Չեմ կարծում, որ դա որեւէ մեկի համար անակնկալ լինի, որովհետեւ քաղաքական հնաբնակները բոլորն էլ, կարծում եմ, հրաշալի ծանոթ են եւ տեղյակ են Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական կենսագրությանը եւ տարբեր դաշտերում մանեւրելու նրա հատուկ ձիրքին: Այս պահին` թերեւս այսքանը, բայց եթե իսկապես Հմայակ Հովհանիսյանը շարունակի իր անպարկեշտ այս վարքագիծը, ապա շատ ավելի բաց եւ շատ ավելի հրապարակային կխոսվի հենց այդ կոնկրետ փաստերի մասին, որոնց ինքը հրաշալի տեղյակ է»:
Մենք հետաքրքրվեցինք, այդ փաստերը, որոնք վկայում են, որ Հմայակ Հովհաննիսյանը փորձել է մանեւրել քաղաքական տարբեր ուժերի միջեւ, ինչ-որ փաստաթղթե՞ր են, թե՞ վկաներ կան` տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ այս պահին չեն ուզում կոնկրետ ու փաստական ներկայացնել, թե ինչ նկատի ունեն, բայց դա հաճույքով կանեն, եթե Հովհաննիսյանը շարունակի իր «ոչ կոռեկտ» վարքագիծը. «Չեմ կարծում, որ մեր հրապարակած փաստերը ինչ-որ անակնկալ պիտի լինեն, նորից եմ ասում` Հմայակ Հովհաննիսյանի նկարագրին ծանոթ են բոլորը քաղաքական դաշտում»:
Կարդացեք նաև
Մեր զրույցից հետո պարզվեց, որ Հմայակ Հովհաննիսյանը շարունակում է այս կապակցությամբ «բացահայտումները» : Մասնավորապես՝ «Երկիրին» ասել է: «Իմ մանդատը տվել են Շերիֆին (Գրիգոր Գրիգորյան): Այո, ես հայտարարում եմ, որ իմ մանդատը տվել են Շերիֆին, հիմա էլ ուզում են արդարանալ: Նա պատգամավոր դարձավ իմ ինքնաբացարկի շնորհիվ: Բայց ես երջանիկ եմ, որ այդպիսի ոչ հիգիենիկ վիճակում չեմ հայտնվել. հարցեր չունեմ քննարկելու Շերիֆի հետ»:
Իսկ «Հայելի»-ին էլ ասել է. ««Ուրեմն իմացեք, որ Գագիկ Ծառուկյանը անձամբ ողջունել է Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական «լարախաղացությունը» և «անպարկեշտությունը», եթե անաչառ քաղաքագիտկան խոսքը և անկողմնակալությունը համարվում է լարախաղացություն և անպարկեշտություն: Բոլորն են տեսել, թե Գագիկ Ծառուկյանը ինչպես է այցելել քաղաքագետների միություն, ներկա է եղել մեր նախաձեռնած քննարկումներին և ողջունել է դրանք»: ԲՀԿ նախագահի խոսնակի հայտարարության մասին նաեւ ասել է. «Այս որակումներն ու գնահատականները չեն համապատասխանում իրականությանը: Նրանց նպատակը մարտի 1-ի դեպքերի մեղսակից կազմակերպիչներից մեկին ՝ Շերիֆին պատգամավոր դարձնելն էր, իսկ դրա համար պետք էր, որ ցուցակից որոշ մարդիկ ինքնաբացարկներ ներկայացնեին: Ի վերջո ինչպե՞ս կարող էր նույն խմբակցությունում պատգամավոր լինել մարտի 1-ի հանցագործ Շերիֆը և Հմայակ Հովահննիսյանը՝ մի մարդ, ով առաջինն է բարձրաձայնել մարտի 1-ի դեպքերի հասարակական քննարկման թեմա դարձնելու հարցը»: Հմայակ Հովհաննիսյանը պնդել է, որ ինքը ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատը կորցրել է միմիայն հանուն Շերիֆի մանդատի: «Ինձ ստիպել են, բայց բռնություն իմ նկատմամբ չի կիրառվել: Ուղղակի ես նպատակահարմար գտա հրաժարվել՝ հասկանալով, որ եթե մարտի 1-ի հանցագործի հետ միասին ընդգրկվեմ նույն խմբակցությունում, կհեղինակազրկվեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ