Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովի թանգարանը կմնա ստվերում

Օգոստոս 23,2012 15:15

Ս. Փարաջանովի տուն-թանգարանի դիմաց վերսկսվել է բնակելի կիսակառույցի շինարարությունը, որը կառուցելու թույլտվությունը սեփականատերը ձեռք է բերել շինարարության մի մասն անելուց հետո միայն:
Թանգարանի մոտակայքում բնակվող ինժեներներ Հարություն Հարությունյանը եւ Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեցին, որ սույն կառույցի թույլտվությունը տրվել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք՝ անցյալ տարի ապրիլի 19-ին, մինչդեռ «Ֆինստրոյ արտ հաուզ» ՍՊԸ-ն, առանց թույլտվության, 2009-ից սկսել է շինարարություն Ձորագյուղ կոչվող ազգագրական թաղամասում: Կառույցն, առայժմ, չորս հարկանի է: Սակայն, ըստ ինժեներ Արշամ Գալստյանի, չի բացառվում, որ կավելանա եւս 6-8 հարկով: Այդ են վկայում հաստ տրամաչափերով ամրանները: Քառահարկ բնակելի շենքերը, հիմնականում, վերելակ չեն ունենում: Իսկ այս քառահարկի համար նախատեսված է, ինչը նույնպես հաստատում է շենքի բազմահարկայնությունը: Իսկ դա կնշանակի, որ շենքը կառուցվելուց հետո Փարաջանովի թանգարանը կհայտնվի բազմահարկ շենքի ստվերում:
Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ թանգարան այցելած նախկին քաղաքապետներ Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, երկրի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իրենց դժգոհությունն են հայտնել բնակելի շենքի շինարարության դեմ: Տնօրենի հավաստմամբ, տուն-թանգարանը պիտի լինի ազգային շնչով հագեցած միջավայրում: Ըստ նրա, այս մոտեցումն է ունեցել նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը (Երեւանի նախկին քաղխորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանի թոռը): Տնօրենի խոսքերով, Միքայել Հասրաթյանն է նախատեսել ազգագրական թաղամասը, որը հիշեցնելու էր երկհարկանի շենքերով հին Երեւանը. «Ցավոք, չբավարարվեց նախկին քաղաքապետերի հետեւողականությունը՝ կյանքի կոչելու ազգագրական թաղամասի գաղափարը»: Զավեն Սարգսյանը շինարարության հետ կապված մի մտահոգություն էլ ունի. «Առավել շատ ինձ հուզում է վերջերս շրջող մի լուր: Թանգարանի առջեւի պատին հարող տարածքում շենքի սեփականատերը կամենում է կառուցել մի կառույց եւս՝ հետագայում կամրջով միացնելով արդեն կառուցվածին: Ուստի ուզում է գնել տարածքը»:
Արամայիս ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031