Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ոլորտը զերծ կմնա սուբյեկտիվ միջամտությունից

Օգոստոս 23,2012 15:09

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստում հաստատվել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը, որի շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև կնվազեն կենսաթոշակի նշանակման և վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հնարավորությունը։ «Արդյո՞ք շտեմարանի կիրառումը կարող է բացառել բոլոր ռիսկերը»,- ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հարցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրել է, որ բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել, քննարկվել և արձանագրվել են։ Բոլոր խնդիրներն իրենց լուծումն են ստանում։ Այլևս բացառվում է գործընթացներին սուբյեկտիվ միջամտությունը։ Տեղեկատվությունն ինքնաշխատ գործելու է, իսկ համապատասխան որոշումները կայացնելու է տեղեկատվական շտեմարանը։ Նշելով, որ լուծման ենթակա հաջորդ խնդիրը վերաբերելու է նպաստներին, վարչապետը հետաքրքրվել է այդ շտեմարանի ձևավորման հարցով։ Նախարարի վկայությամբ նպաստների մասով աշխատանքը ներկայումս ընթանում է։ «Հաշվի առնելով այն, որ մենք անցնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին և արդեն մեկ պատուհանի սկզբունքով է ընդունվելու քաղաքացիների ցանկացած դիմում, քննարկվում է այդ դիմումների ընդունման և ինքնաշխատ մշակման համակարգը, որը վերաբերելու է նպաստներին և մնացած բոլոր սոցիալական ծառայություններին»,- պատասխանել է նախարարը և նշել, որ այդ համակարգը վերջնական տեսք կստանա հաջորդ տարվա ընթացքում։

ՀՀ վարչապետը խնդիր է դրել շեշտակի բարելավել հաշմանդամության սահմանման ոլորտը, որտեղ նույնպես պետք է ունենանք միասնական տեղեկատվական բազա։ «Այս խնդրին պետք է անդրադառնալ հնարավորին չափ շուտ, որովհետև բողոքներն այստեղից շատ են»,-ասել է Տիգրան Սարգսյանը։ Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով նախատեսվում է հաշմանդամության սահմանման գործում անցնել սկզբունքորեն նոր մոդելի, որը կլինի ավելի թափանցիկ, առարկայական։ «Սա ևս 2013 թվականի մեր հիմնական առաջնահերթություններից է»,- շեշտել է նախարարը։

Կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն է ուղղված նաև հաջորդ որոշումը, որը, թելադրված լինելով օրենսդրական փոփոխություններով և իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կապահովի անհրաժեշտ տեղեկատվությամբ։

Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների ծրագրերով փոխհատուցման ենթակա ՀՀ առողջապահության նախարարության հաստատած հիվանդությունների և վիճակների վրա։ Որոշման նպատակն է բնակչության համար կանխատեսելի և թափանցիկ դարձնել բուժօգնության և սպասարկման ծախսերը, բարձրացնել և կանոնակարգել բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը, նվազեցնել առողջապահության հաստատություններում եղած ստվերային դրսևորումները։

Կառավարությունը հաստատել է ախտաբանաանատոմիական հերձման կարգը, որի համաձայն հերձումը կատարվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար արտոնագրված հաստատությունում, համապատասխան որակավորում ունեցող մասնագետ-բժշկի կողմից։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031