Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում, մասնավորապես՝ Լոռու մարզում, երեխայի նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությունը որպես կանոն ծնողների կողմից չի գիտակցվում որպես բռնություն:
Բաժնի պետ Նարեկ Սարգսյանն ասում է, որ թեեւ տարեկան հոգեբանական բռնության հարյուրավոր դեպքեր են գրանցվում, այնուամենայնիվ, ֆիզիկական բռնության մասին ոչ երեխան, ոչ շրջապատի մարդիկ, ոչ էլ ծնողները չեն բարձրաձայնում. «Մեր ժողովուրդն իր հոգեբանությամբ, ազգային կերտվածքով դեռւես չի հասել նրան, որ նման դեպքերի մասին հայտարարի: Այդ չբարձրաձայնելն էլ պատճառ է դառնում քողարկված ֆիզիկական բռնությունների, ինչն էլ դժվարացնում է մասնագետների աշխատանքը»: Նարեկ Սարգսյանի խոսքերով, ֆիզիկական բռնության խորքերում հենց հոգեբանական բռնությունն է թաքնված. «Եթե ընտանիքում առողջ հոգեբանական մթնոլորտ չկա, ապա դա մյուս բոլոր բռնությունների, այդ թվում ֆիզիկական բռնության համար սկիզբ է դառնում: Այս բռնությունները հետադարձ կապով կապված են իրար հետ»: Նրա խոսքերով՝ մենք շատ լուրջ խնդիր ունենք ծնողավարման հմտությունների հարցում. «Ծնողները ոչ միայն թաքցնում են ֆիզիկական բռնության դեպքերը՝ ստեղծելով վախի մթնոլորտ, այնպես էլ չեն գիտակցում, որ բռնություն են կիրառում իրենց երեխայի հանդեպ»: Նա հիշում է դեպքեր, երբ, թեեւ ծնողներին բացատրվել է, որ, անկախ իրենցից, բռնություն են կիրառում երեխայի նկատմամբ, այնուամենայնիվ, նրանք այդպես էլ չեն հասկացել ու չեն ընդունել այդ մոտեցումը: «Չլսող երեխա չկա: Երբ որ մարդը հասկանա, որ իր երեխային կարող է բացատրել, ոչ թե խփել, այդ հարցը այլ մակարդակի վրա կդրվի»- նկատում է մասնագետը: Բացի այդ, ըստ նրա, մեծ է նաեւ համայնքների դերը երեխայի առողջ զարգացման գործում:
Պարոն Սարգսյանը փաստում է, որ համայնքներն անտարբեր են դարձել.«Համայնքները շատ անտարբեր են տեղում ապրող երեխաների զարգացման հանդեպ: Եթե մի համայնքում, ասենք, համաճարակ է լինում անասունների հետ կապված կամ կարկտահարություն, համայնքի ղեկավարները մինչեւ կառավարության դռներն են հասնում, բայց երբ որ սովից ընտանիք է մեռնում, երեխան դպրոց չի հաճախում, թափառում է, դա ոչ ոքի պետք չէ»:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ