Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին մահացող եւ աշխարհի ամենաթանկ քաղաքն է»` պնդում են Գյումրիի ավագանու թեկնածուները

Օգոստոս 23,2012 14:45

Երեկ հանրապետության երկրորդ քաղաքում եւս մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը. ասել, թե այն առաջին օրվանից աչքի ընկավ իր հետաքրքիր ընթացքով, սուտ կլինի:
Դասական քարոզարշավի ֆոնին թերեւս տարբերվում էին Գյումրու հայտնի հասարակական գործիչներից բաղկացած «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամների ելույթները՝ Գյումրու զարգացման ծրագրի շուրջ: Հիշեցնենք, որ նրանցից 7-ը իր թեկնածությունն է առաջադրել ավագանու անդամ դառնալու համար՝ ձգտելով որակապես նոր ավագանի ունենալ:
Երեկ այս խմբին հաջողվել էր Գյումրու քաղաքապետի ու ավագանու թեկնածուներից շատերին համախմբել «Հոկտեմբեր» կինոդահլիճում, ճյուղ առ ճյուղ ներկայացնել քաղաքի խնդիրներն ու մատնանշել ավագանու դերը դրանց լուծման գործում: Հավաքը վարում էր Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը, որը միկրոֆոնր վերցնելուն պես ասաց. «Ես առաջին հերթին ողջունում եմ գյումրեցիներին, հետո՝ ավագանու թեկնածուներին եւ հետո նոր միայն քաղաքապետի թեկնածուներին: Այս հերթականությամբ պետք է առաջ շարժվել, որովհետեւ մենք չենք ընտրում մեր տերերին, մենք ընտրում ենք մարդկանց, որոնք մեզ պետք է ծառայեն այս ամբողջ ընթացքում: Ռուզվելտը սիրել է ամեն շաբաթ ռադիոյով դիմել իր ժողովրդին. այդ ժամանակ հեռուստատեսությունը տարածված չէր: Նա դա արել է բուխարու մոտ նստած, հաստատ երեկոյան լսողների մեծ մասը նույնպես բուխարու մոտ նստած լսել են նրան, եւ դրա համար էլ այդ զրույցները կոչվել են «զրույցներ բուխարու մոտ»: Ռուզվելտը յուրաքանչյուր շաբաթ զեկուցել է ժողովրդին, թե այդ շաբաթվա ընթացքում ինչ է եղել, ինչու է եղել, որն է նպատակը, ինչու է պետք, որ դա արվի: Սա սեփական ժողովրդին ներկայացվող հաշվետվության լավագույն օրինակներից մեկն է: Մեր ուզածը իսկապես հաշվետու ավագանին է եւ հաշվետու քաղաքապետը»:
Այնուհետեւ թեկնածուներին 5-ական րոպե հատկացվեց՝ իրենց ծրագիրը ներկայացնելու: Առաջինը ելույթ ունեցավ տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, որը ներկայացրեց տեղական բյուջեի բարելավման հարցերը: Նա քննադատեց Գյումրու քաղաքապետարանին՝ սեփական եկամուտների նվազում գրանցելու եւ կառավարությունից ստացած դոտացիայով սեփական հարցերը լուծելու համար: Տնտեսագետը նաեւ հայտարարեց, որ Գյումրու բյուջեի 15-20%-ը անարդյունավետ է ծախսվել, 25-30%-անոց ստվերային բյուջե է գործել՝ չներառվող եկամուտներով: «Մենք մի քանի կարեւոր բացահայտումներ արեցինք առկա բյուջեի եկամտային, ծախսային մասի վերլուծության ժամանակ: Նախեւառաջ, մենք տեսանք, որ եթե բյուջեն 2008թ.-ին 3 միլիարդ 100 միլիոնի շրջանակներում էր եւ հիմա 3 միլիարդ 200 միլիոն դրամի շրջանակներում է, վերջին 5 տարիներին գները մոտավորապես 5%-ով թանկացել են, դուք կհասկանաք, որ բյուջեի գնողունակությունը մոտ 50%-ով կրճատվել է: Այսինքն՝ եթե 2008թ. 3 միլիարդով կարելի էր ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել, 2012 թվականին պետք է դրանից 50% ավելի լիներ, որ հնարավոր լիներ նույն կարգի ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել, մինչդեռ գումարը համարյա նույնն է: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ մեր բյուջեի գնողունակությունը մոտ 35-40%-ով նվազել է»,- ասաց տնտեսագետը: Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ իր ելույթում վերհիշեց, որ ավագանու գործող 15 անդամներից 8-ը չորս տարվա ընթացքում գումարված նիստերի կեսից ավելիին չեն մասնակցել: «Էն, որ իրենք նախաձեռնություններ չեն արել, թափանցիկ չեն աշխատել՝ դնենք կողքի, մարդիկ իրենց գործը չեն արել, ինչի համար առաջադրվել են: Դուք հիշում եք բոլոր խոստումները՝ գնանք, աշխատենք, թափանցիկ կլինենք, բարեփոխենք: Լավագույն լոզունգը, որ գալիս է մտքիս՝  «Ես սիրում եմ իմ քաղաքն» է: Էսպես քաղաքի տեղական ինքնակառավարման մարմին չեն դառնում, քաղաքի կառավարման հայտը էդպիսի սիրով հնարավոր չէ իրականացնել: Հիմա մենք որոշել ենք մի քիչ մեզ կտրել մեր գործերից, մեր ազատությունները սահմանափակել, ես անձամբ զգում եմ, թե ինչպես է վնասելու ինձ եւ իմ գործերին, բայց ուրիշ հնարավորություն չունեմ, սա անձամբ ինձ համար վերջին հնարավորությունն է Գյումրիում տեղական ինքնակառավարման որակը բարեփոխելու համար: Իսկ սա ինքնանպատակ չէ, քաղաքի եւ քաղաքացիների բարեփոխման հայտ է, որի բանալիներից մեկն ենք մենք գտել՝ ավագանին դարձնել այնպիսին, ինչպիսին նախատեսված է օրենքով. դարձնել դոմինանտ՝ տեղական գործադիրի նկատմամբ, լինել համագործակից, եթե քաղաքապետը կկամենա, թե չի կամենա՝ լինել հակակաշիռ»,- ասաց պարոն Բարսեղյանը:
Ելույթ ունեցավ նաեւ ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, որը տեղեկացրեց, որ Գյումրիում ժողովրդագրական առումով բավական վատ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ որ Հայաստանի Հանրապետությունում չկա մի բնակավայր, որի բնակչությունը այդքան նվազած լինի, որքան Գյումրիինը:  «Ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում այսօր մեր քաղաքը պետք է ունենար շուրջ 260-280 հազար բնակիչ, բայց պաշտոնական տվյալներով՝ 145 800 է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ առկա բնակչության թիվը 70 հազար է: Հիմնականում դա պայմանավորված է բնակչության արտագաղթով, ծնունդների թվի նվազմամբ եւ մահացության աճով: Քաղաքը ոչ թե ծերացող, այլ խորը ծերացող քաղաք է: Նույնիսկ ժողովրդագրական դասակարգմամբ՝ մահացող քաղաք է»- ասաց ազգագրագետը:
Միակ կին թեկնածուն՝  «Ինտրոմոդ» նորաձեւության սրահի տնօրեն Կարինե Մկրտչյանն էլ հավելեց, որ Գյումրիում աղքատությունը 47% է, այսինքն՝ բնակչության կեսը խնդիր ունի հաց գնելու, նույնիսկ տրանսպորտից օգտվելու: «Շիրակ» կենտրոն հ/կ նախագահ Վահան Թումասյանն էլ, որը զբաղվում է անօթեւանների խնդրով, ներկաների ուշադրությունը սեւեռեց մեկ այլ արտառոց փաստի վրա: Նա հայտարարեց, որ Գյումրին բնակվելու համար ամենաթանկ քաղաքն է. «Երբ գնում ես ծնողազուրկ երեխաների կամ բազմազավակ ընտանիքների տները, տեսնում ես, որ երեխաներին չեն կարող մանկապարտեզ տալ: Չեն կարող էդ երեխաները հաճախել մանկապարտեզ այն պատճառով, որ ամսական 8-10 հազար դրամ արժե վարձավաճարը, եւ սա այն դեպքում, երբ մայրաքաղաքում՝ երեւանաբնակների համար մանկապարտեզներն անվճար են: Սոցիալական զեղչերը առաջին հերթին պետք է լինեին աղետի գոտում, Գյումրի քաղաքում: Եթե սովորական բնակարանում կամ Արարատյան դաշտում ապրող ընտանիքը, ասենք, երկու կուբամետր վառելափայտով կարող է ամբողջ ձմեռը անցկացնել, տնակում բնակվող մարդը պետք է դրա կրկնակին կամ եռակին օգտագործի: Ստացվեց, որ այդ առումով եւս թանկ է կյանքը»: Ըստ պարոն Թումասյանի, Գյումրիում դեռ 5000 անօթեւան կա, որոնք անհույս ապրում են տնակներում, իսկ տնակային թաղամասերում, ըստ բանախոսի, խտացված են երկրագնդի ամենավատ երեւույթները:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031