Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանն ընդունում է Վարդան Արամյանի դեբատի հրավերը

Օգոստոս 23,2012 14:11

Պայմանը սա է՝ նա պետք է թուղթ բերի, որ հանդես է գալու Տիգրան Սարգսյանի կամ նախագահի անունից

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում բանավեճի էր հրավիրել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին` տնտեսական քաղաքականության շուրջ: Այդ գրառումն արվել էր այն բանից հետո, երբ Վարդան Օսկանյանը կոշտ քնադատության էր ենթարկել վարվող տնտեսական քաղաքականությունը:
Այսօր «Առավոտը» պարոն Արամյանից հետաքրքրվեց, թե այդ հրավերն ուժի մե՞ջ է եւ կարո՞ղ է բանավիճել տնտեսության խնդիրների շուրջ, եւ մասնավորապես ո՞ւմ հետ կցանկանա եւ կկարողանա բանավիճել: Նա պատասխանեց, որ հրավերը միանշանակ ուժի մեջ է եւ կբանավիճի ցանկացած քաղաքական գործչի հետ` Վարդան Օսկանյանի, Հրանտ Բագրատյանի. «Բայց միայն մի պայմանով` քաղաքական պոպուլիզմին չենք տրվում. զուտ մասնագիտական քննարկում` խնդրեմ, զուտ ցուցանիշների հիման վրա: Եթե, օրինակ, Հրանտ Բագրատյանը կամ Օսկանյանը զերծ կմնան պոպուլիստական քննարկումներից, ասենք` այդ նույն բառերով, բարձրագոչ բաներով… մենակ մաքուր մասնագիտական դնենք, խոսենք իրար հետ: Տեսնենք այդ որտե՞ղ է, որ ասում են` տնտեսական բարելավում չկա: Այդ ո՞նց չկա: Թվերն են դրա մասին ասում: Մի հատ համեմատեք 2009-ի հետ: Գիտեք, ժողովորդ ջան, պրոբլեմն ինչն է, ասենք, հասարակ ժողովուրդը պարտավոր չի իմանալ, որ միավոր շնչին ընկնող ՀՆԱ-ն ու միավոր շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գնողունակության պահակետով ճշգրտված տարբեր բաներ են, ինքը պարտավոր չի, բայց երբ որ դա տնտեսագետն է անում ու հրամցնում է ժողովրդին, դա ճիշտ չէ: Մենք կողմ ենք առողջ քննադատությանը: Երբ տնտեսվարողը խնդիր է բարձրացնում, մենք կողմ ենք լսենք ու հասկանանք, թե որտեղ է այդ պրոբլեմը, իրոք այն լուծելու տարբերակ կա: Տնտեսությունը օրգանիզմ է, ժողովուրդ ջան: Երբ ուզում ես իմանալ այդ մարդը գեղեցիկ է, թե տգեղ, չես կարող միայն ոտքերը ցույց տաս, ասես այս մարդը տգեղ է, պետք է նայենք ամբողջ բանի մեջ ինքը համաչա՞փ է, թե՞ ոնց է: Դա երգի ընդամենը մի քառատողն է: Նույն ձեւով վերցնում են օրինակ արտահանման կառուցվածքը, ասում են` ոնց որ 2008-ին էր, նույնն էլ հիմա: Մարդիկ ասում են` 2008-ին կառավարության գործողությունների ծրագրի արդյունք էր, որ մենք ունեցանք 14.1 % աճ, բայց ժողովուրդ ջան, եթե մարդը կարողանում է այսօր բարձրացնի 100 կգ, ինքը չի կարող միանգամից 2 օր հետո հյուծվի, իրեն ժամանակ է պետք, պետք է  վատ կերակրվի, բան: 1-2 տարվա ընթացքում ինչքա՞ն է հյուծվում` 100 կգ-ը կդառնա 60 կամ 40 կգ, հնարավոր չէ 1 տարվա ընթացքում տնտեսությունը լրիվ հյուծվի: Ես իրենց հետ ցուցանիշներով եմ խոսում: Ասում եմ` որտե՞ղ էր մեր ամենամեծ անկումը, 42 % որտե՞ղ եղավ` շինարարությունում: 14.1 %-ից 10.5%-ը շինարարությունից էր, մի հատ հանեք տեսեք տակը ինչ էր մնում, մեր անկումը 3.6 % էր լինում: Մի հատ մեծ խնդիր` որտեղի՞ց այդպես եղավ. 2000-ին կապիտալ շինարարությունը եղել էր ընդամենը 10 %, 2008-ին` 25%: Ակնհայտ չէ՞ր, որ նրա թափն ավելի ուժեղ էր: Կամ ասում են` իսկ ժողովուրդը խի՞ է գնում դուրս: Ինչքա՞ն  մարդ էր այստեղ կապիտալ  շինարարության մեջ եղել: Վստահեցնում եմ, գնում են այն մարդիկ, որոնք այստեղ աշխատանք են կորցրել»:
«Առավոտի» հետ զրույցում, իրեն դեբատի հրավիրելու հետ կապված, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Արամյանին այսպես պատասխանեց. «Ինչպես հայտնի է, սույն թվականի մարտ-ապրիլին ես Սերժ Սարգսյանին (ՀՀԿ համագումարում նրա ունեցած «տնտեսագիտական» ելույթի մասով) եւ Տիգրան Սարգսյանին (ՀՀԿ նախընտրական ծրագրի մասով) հրավիրեցի բանավեճի։ Այդպիսին էր նաեւ գրեթե առանց բացառության բոլոր լրատվամիջոցների պահանջը։ Բավական է ասել, որ եթե իրար ենք գումարում Ս. Սարգսյանին ուղղված իմ առաջին նամակը ընթերցած քաղաքացիների թվաքանակը ըստ կայքերի՝ կազմում է 120000 մարդ։ Արդ, հանուն այդ 120000-ի, ես իբրեւ նախկին վարչապետ, ընդդիմության առաջատար գործիչներից մեկը, բանավեճի հրավիրեցի նրանց՝ պահպանելով ռանգի ու պատշաճության բոլոր կանոնները։ Սույն պարոնը` Արամյանը, հիանալի իմանալով խնդրի էությունը, իր ղեկավարների ճնշման տակ իրեն առաջ է գցում, թե` շեֆերիս մի կպի, արի ինձ հետ բանավիճի։ Իրականում մենք գործ ունենք Տիգրան Սարգսյանի հետ, որը հիմա էլ հանդես է գալիս Վարդան Արամյանի անվան տակ։ Այդուհանդերձ, Արամյան, Ձեզ պետք է ուրախացնեմ։ Ես համաձայն եմ։ Բնականաբար մեր «բանավեճը» կկայանա այն բանից հետո, երբ Սերժ կամ Տիգրան Սարգսյանը հայտարարություն կանեն, որ դուք իրենց եք ներկայացնում։ Կկայանա անկախ այն բանից, որ դուք Ձեր հարցադրման մեջ, ըստ «Առավոտի» հետ հարցազրույցի, ինձ նաեւ պիտակավորել եք՝ «քաղաքական պոպուլիստ»։ Եվ սա այն դեպքում, երբ այսօր (օգոստոսի 22-ին) լրագրողների մոտ Ձեր (ավելի ճիշտ Տիգրան Սարգսյանի) կատարած «վերլուծությունները» ոչ ավելին, քան կատարյալ ախմախություն, դժվար է բնութագրել։ Ինչեւէ, կամ թուղթ բերեք, որ իրենց եք ներկայացնում (այնժամ «կբանավիճենք») կամ էլ վարչապետից իրավունք ստացեք գալ ԱԺ չորեքշաբթի օրերը եւ բանավիճել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031