Բերքահավաքի աշխատանքները գրեթե բոլոր ուղղություններով ընթացքի մեջ են: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում այս մասին լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը. «Առաջինը կուզենայի նշել ՀՀ-ում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի մասին: Հացահատիկի բերքահավաքի 72-73 տոկոսն արդեն կազմակերպվել եւ հավաքվել է 165-170 հազար տոննա բերք»:
Փոխնախարարի ներկայացմամբ, դեռեւս հացահատիկի բերքահավաքը շարունակվում է եւ իրենց սպասելիքներն ավելին են: Ըստ նրա, չնայած այս տարի բերքատվությունն ավելի քիչ է` մեկ միավոր հեկտարից մինչեւ 20 ցենտներ, բայց քանի որ այս տարվա ցանքատարածություններն ավելի շատ են, ուստի ավելի շատ բերք կլինի:
Պարոն Գալստյանի փոխանցմամբ, այս տարի մթերվել է ավելի քան 70 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա 40 հազարի փոխարեն: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այս տարի արտահանվել է 12 հազար տոննա, նախորդ տարվա 7 հազարի փոխարեն: Փոխնախարարի պնդմամբ դեղձի բերքատվությունն էլ է նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի լինելու, սակայն դրան զուգահեռ փոքր-ինչ ընկել է դեղձի որակը:
Ս. Գալստյանը շինծու համարեց այն տեղեկությունները, թե սահմանային ճանապարհները փակվել են եւ բերքը Հայաստանից արտահանել չեն կարողանում. «Ընդհակառակը, ավելի մեղմացրել ենք, հիմա ավելի հեշտ են կարողանում բերքը դուրս բերել ՀՀ սահմաններից»:
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ Արարատյան դաշտում կարտոֆիլի բերքի մեջ առկա է ցեց, ինչի մասին էլ ՀՀ գյուղնախարարության աշխատակիցները գյուղացիներին խորհրդատվություն են իրականացրել. «Հարավամերիկյան ցեցը շատ լուրջ խնդիր է ոչ միայն կարտոֆիլի համար, այլ կարող է սպառնալ նաեւ այլ գյուղմթերքների»:
Գյուղնախարարի գնահատմամբ այս տարի գյուղատնտեսության ոլորտում մի շարք դրական տեղաշարժեր կան:
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ