Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ ուժի բացառումը

Օգոստոս 23,2012 13:34

Մի անգամ, շատ վաղուց Գերագույն խորհրդի փակ նիստում պատգամավորներից մեկը հարց տվեց ՀՀ նախագահին` դուք չե՞ք գտնում, որ Ռուսաստանի հետ չափից դուրս սերտ կապեր հաստատելը եւ այդ երկրի վրա բոլոր հարցերում հույս դնելը հակասում է ղարաբաղյան շարժման գլխավոր հիմնադրույթներից մեկին, որը հակիրճ ձեւակերպված է այսպես` «երրորդ ուժի բացառումը»: Իրականում պատգամավորի հարցը հնչում էր ավելի երկար` մոտ երկու րոպե. նա չգիտեր ժուռնալիստիկայի գլխավոր հիմնադրույթներից մեկը` չձեւակերպել հարցն այնպես, որ այն պահանջի «այո» կամ «ոչ» պատասխանը: Նախագահ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, օգտվեց այդ վրիպումից եւ երկարաշունչ հարց-ճառին պատասխանեց «ոչ»: (Ի դեպ, խորհուրդ կտամ բոլոր ասուլիսների, հարցազրույցների կամ, ասենք, խորհրդարանական հարցուպատասխանների ժամանակ, եթե «հարցը» սկսվում է «դուք չե՞ք գտնում» դարձվածքից, միավանկ պատասխաններ տալ` դա գուցե կսովորեցնի մարդկանց իսկական հարցեր ձեւակերպել):

Իսկ ի՞նչ էր նշանակում այսօրվա հայկական պետության գաղափարախոսկան ծրագիրը կազմած «Ղարաբաղ» կոմիտեի այդ կարգախոսը, որը բազմիս հնչել է ՀՀՇ առաջին, մասամբ նաեւ` երկրորդ համագումարում: Հետաքրքիր կլինի դա իմանալ մեր քաղաքական վետերաններից, բայց, իմ կարծիքով, իմաստը հետեւյալն էր. նախորդ դարի վերջին տասնամյակի դրությամբ, երբ հնարավորություն ստեղծվեց անկախ հայկական պետություն կառուցելու, մենք անցյալից ժառանգել էինք խնդիրներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ այդ խնդիրները մենք պետք է լուծենք առանց երրորդ ուժի ներգրավման: Այսօրվա տեսանկյունից դա կարող է դիտվել որպես հեղափոխական ռոմանտիզմի դրսեւորում` մենք բավականաչափ ուժ չունենք այդ հարցերն ինքնուրույն լուծելու համար: Մյուս կողմից, այդ թեզը հանդիպել եւ հանդիպում է մեր հասարակության դիմադրությանը, քանի որ հայաստանցիների մեծ մասը վստահ է, որ մենք կարող ենք ապրել միայն «ռուսի շվաքի տակ»:

Բայց ամեն ինչ, նունիսկ ռուսասիրությունը, պետք է չափի մեջ լինի: Մի քանի օր առաջ ես արդեն գրել էի այն ասեկոսեների մասին, ըստ որոնց, Գյումրիի քաղաքապետի խնդիրը պետք է լուծեր Պուտինը: Հիմա հերթը հասել է վարչապետին: Իբր Մոսկվայում երազում են ներկայիս «արեւմտամետ» վարչապետին փոխարինել «յուրայինով»` ի դեմս «Գազպրոմի» ներկայացուցիչ Կարեն Կարապետյանի, եւ դա «ձեռի հետ» կլուծի նաեւ ԲՀԿ-ՀՀԿ բոլոր «անհարթությունները»: Ինչ խոսք, Տիգրան Սարգյանի կառավարությունն այս 4 տարում տնտեսական մտքի ֆանտաստիկ թռիչքներով, մեղմ ասած, չի փայլել: Բայց, ըստ մեր խեղված տրամաբանության, այս կառավարությունը պետք է փոխել ոչ թե այն պատճառով, որ այն վատ է աշխատում, այլ` որովեհետեւ Կրեմլում են այդպես ուզում: Իհարկե, նման լուրերի աղբյուրը տիրապետում է որոշակի «դրայվի»:

Կգա՞ այն պահը, երբ գոնե նման հարցերում մենք կբացառենք երրորդ ուժը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031