Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սարուշեն գյուղում է ապրում Գյուլիզար Կասըմովա Մուսա գըզըն, ում գյուղում ճանաչում են որպես Գյուլիզար Գրիգորյան. ամուսնու` Սլավիկ Գրիգորյանի ազգանունն է վերցրել:
Սարուշեն գյուղում Գյուլիզարենց տունը հեշտ է գտնել. փողոցում ում էլ հարցնես` միանգամից ցույց են տալիս ադրբեջանցի կնոջ տունը: Ավելին` իմանալով, որ իրենց գյուղ եկած հյուրն այցելում է Գյուլիզարին, հետաքրքրվում են` կարո՞ղ է դուք նրա բարեկամներից եք:
43-ամյա Գյուլիզարի հարազատները վերջակետ են դրել բոլոր տեսակի հարաբերություններին այն բանից հետո, երբ կինը, դեմ գնալով բարեկամներին, ազգությամբ հայի հետ է ամուսնացել:
«Մերոնք դեմ էին, որ հայի հետ ամուսնանամ: 1986 թվականն էր, երբ փախա Սլավիկի հետ, եղբայրներս եկան ինձ տանելու: Տարան, 12 օր պահեցին, չէին տալիս, հետ եմ եկել: Նրանք նորից եկան հետևիցս, բայց ես նորից փախա: Այստեղ հարսանիք են արել` սկեսուրս, սկեսրայրս: Ղարաբաղում երևի ինչքան ադրբեջանցի ու հայ կար, մեր հարսանիքին միասին ներկա են եղել, բացի իմ հարազատներից. ո´չ մայրս,ո´չ քույրս, ո´չ եղբայրներս ներկա չեն եղել մեր հարսանիքին: Նրանք ինձ վերջին անգամ ասել էին, որ եթե նրա հետ ամուսնանամ, «մենք կհամարենք, որ այլևս քույր չունենք»,- պատմում է Գյուլիզարը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ