Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարցիները հիմա կռվում են խմելու ջրի համար

Օգոստոս 23,2012 12:32

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները վերջին երկու ամսվա ընթացքում խմելու ջրի սուր պակաս են զգում: Բնականոն կերպով խմելու ջուր է ստանում գյուղի մոտ 80 ընտանիք, իսկ ավելի քան 210 ընտանիք ամառվա տապին խմելու ջուր է ստանում օրումեջ, 15-20 րոպե տեւողությամբ:

Ոսկեպարցիները մեզ հայտնեցին,որ երկարամյա գյուղապետ Հրուշ Աղբալյանը խմելու ջրի մատակարարումը կարգավորելու համար համագյուղացիներին հորդորում է այդ գործով դիմել համագյուղացի ջրվար Լյովա Կոստանդյանին: Ոսկեպարցիներն ասում են, որ խմելու ջրագծի ներքին ցանցում շատ են «լեւի միացումները», որ գյուղի մի քանի տասնյակ ընտանիք մշտապես խմելու ջուր ունի, իսկ Ոսկեպարի մեծ մասը ամռան տապին զրկված է ջրից: Ոմանք գյուղի ծայրին, Ղարասու հորդ աղբյուրի ջուրը ցիստեռնով ներկրում եւ ոսկեպարցիներին վաճառում են, մի ցիստեռն ջրի գինը` 5000 դրամ:

Խմելու ջրի մատակարարման խնդրով խոսեցինք գյուղապետ Հրուշ Աղբալյանի հետ: Նա վերջին 30 տարում գյուղի ղեկավարն է: Աղբալյանն ասաց, որ Ոսկեպարը խմելու ջուր է ստանում 3 ջրաղբյուրներից` «Մացականց գոմերից», «Շաչմի աղբյուրից» եւ Սառնաղբյուրի թաղը սնուցող աղբյուրից: Նրա խոսքերով` երաշտի պատճառով գյուղը սնուցող ջրամբար շատ քիչ ջուր է լցվում: Գյուղապետն ասաց, որ ներքին ցանցում կորուստներ կան, որ իրենք մասնագետներեն հրավիրել են կորուստների, ջրագծի վթարների տեղերը հայտնաբերելու համար, սակայն`ապարդյուն: Նրան հիշեցրինք, որ 1999-2000 թվականներին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով ծրագիր է իրականացվել, Ղարասու աղբյուրից Ոսկեպարը սնուցող պոմպակայան եւ ջրագիծ գործարկվել:

Հ. Աղբալյանին հարցրինք, թե ինչո՞ւ այդ ջրագիծը չի գործում: Գյուղապետն ասաց, որ պոմպը շարքից դուրս է եկել: Նշենք, որ 1993 թվականից ջրվար աշխատող Լյովա Կոստանդյանը չգրանցված աշխատող է: Գյուղապետ Աղբալյանը գյուղի միակ ջրվարին որպես աշխատող չի գրանցում, պատճառաբանելով, որ նրա համար հաստիք չկա: Լյովա Կոստանդյանը մինչեւ 2000թվականը ջրվարի գործը ձրի, հասարակական հիմունքներով է արել, այժմ նրա «սեւ աշխատավարձը» 25 հազար դրամ է: Լյովա Կոստանդյանը օգոստոսի 22-ին խիստ զայրացած բանալիները շպրտել է Հրուշ Աղբալյանին, հրաժարվելով այդ պայմաններով ջրվար աշխատել: Նույն օրը խմելու ջրի պատճառով Ոսկեպարի կենտրոնում, «Աբելի կալ» հատվածում մեծ վիճաբանություն է եղել գյուղացիների եւ գյուղապետ Հրուշ Աղբալյանի միջեւ:

Ոսկեպարը հռչակվեց ազատամարտի տարիներին, գյուղը հիրավի հերոսական տարեգրություն ունի: Կյանքի եւ կենցաղի նման վատ պայմանների պատճառով է, որ ոսկեպարցիները արտագաղթում են Ռուսաստան: Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում մեծ թվով ոսկեպարցիներ են հաստատվել, այն կատակով կոչում են «Նովի Ոսկեպար»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031