Մեր տեղեկություններով, հուլիսի 1-ին զենք-զինամթերքով լի ճամպրուկով «Հարսնաքար» ռեստորան մուտք գործած ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, 39-ամյա Վարդան Սամվելյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտական փուլում է եւ հաջորդ շաբաթ կուղարկվի դատարան։ Սամվելյանը այժմ կալանավորված է։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նա մեղադրանքը չի ընդունում եւ իրեն մեղավոր չի ճանաչում։
Հուլիսի 1-ի դեպքը տեղի էր ունեցել այսպես, ռեստորանում դաժան ծեծի հետեւանքով մահացած ռազմաբժիշկ Վահե Ավետյանի հիշատակին այդ օրը ռեստորանի մոտ տեղի ունեցած մոմավառությանը մասնակցելուց հետո՝ Վարդան Սամվելյանը վերցրել էր մոտ 1.5 կիլոգրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ եւ 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս պարունակող ճամպրուկը, մտել էր ռեստորան ու սպաոնացել, որ կպայթեցնի շենքը։ Ռեստորանի տնօրենի կանչով դեպքի վայր հասած իրավապահները փոխգնդապետ Սամվելյանի ձեռքից խլել էին ճամպրուկը, իսկ նրան՝ ձերբակալել։ Նույն օրը հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
«Հայկական ժամանակ»