Գյումրու մտավորականներից կազմված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամները, որոնք թիմով իրենց թեկնածությունն են առաջադրել ավագանու անդամ դառնալու համար, այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ներկայացրին այս քաղաքի զարգացման իրենց ծրագիրը: Գյումրուն առնչվող բազմաթիվ տխուր փաստեր հրապարկելուց, քաղաքապետարանի ու ավագանու աշխատանքը քննադատելուց զատ, թեկնածուները պատասխանեցին նաև դահլիճում նստածների հարցերին: Շիրակի հոգևոր թեմի սոցիալ -կրթական կենտրոնի աշխատակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ավագանու անդամ ընտրվելու դեպքում կկարողանա՞ն որակյալ, բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Շիրակի հոգևոր թեմի հետ, որին ի պատասխան ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ ավագանու նիստերին հատուկ հրավերք կուղարկվի Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: «Յուրաքանչյուր խելացի միտք քաղաքի զարգացման համար օգտագործվելու է»,-ասաց Լևոն Բարսեղյանը:
Նշենք, որ այս հարցը պատահական չհնչեց. ինչպես հայտնի է` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատերազմի մեջ էր սրբազանի հետ , ընդհուպ մինչև նախագահական ընտրություններից հետո փորձում էր պաշտոնանկ անել նրան: Չնայած կաթողիկոսն ու երկրի նախագահն ամեն ինչ արեցին այս երկու բարձրաստիճան պաշտոնյաներին հաշտեցնելու համար, այդուհանդերձ նրանց հարաբերությունները մնացին ոչ բարիդրացիական , էլ չենք ասում, որ նրանց միջև ընդհանրապես շփում չկար: Սրբազանին ավագանու նիստերին հրավիրելը անխոս նորույթ կլինի Գյումրու պատմության մեջ, քանի որ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդը երբևէ անտարբեր չի եղել Գյումրուն առնչվող խնդիրների նկատմամբ, համարձակորեն քննադատել ու փորձել է մատնանշել լուծման ուղիներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ