Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերն անձնագիր կստանան Սիրիայում, իսկ վիզա` Հայաստանի սահմանին

Օգոստոս 22,2012 21:29

Այսօր, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև սիրիահայեր: Օրակարգում դրված էին հրատապ խնդիրներ` կապված կեցության, կրթության, առողջապահության, փաստաթղթերի ձեւակերպումների եւ այլ հարցերի հետ:

Բացման խոսքով հանդես եկած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նախարարությունում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը համակարգում է սիրիահայերի կետ կապված խնդիրները: «Օրական 10-15 սիրիահայ է այցելում նախարարություն եւ ստանում համապատասխան խորհրդատվություն եւ աջակցություն: Մենք հետամուտ ենք նրանց հետ կապված բոլոր խնդիրների լուծմանը»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Սիրիահայերի խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հայտնեց, որ երեկ Սփյուռքի նախարարի մոտ կայացած միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում առանձնացվել և համակարգվել են սիրիահայերի հետ կապված ընդհանրական և անհատական խնդիրները:

«Ընդհանրական խնդիրներից էր վիզաների և անձնագիրների հարցը: Կառավարության համապատասխան որոշմամբ` սիրիահայերն անձնագիր կստանան Սիրիայում, իսկ վիզա` ՀՀ սահմանը հատելուց: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չունեն ծննդյան վկայականներ, անձնագիր կստանան ընտանեկան գրքույկի հիման վրա: Անհատական խնդիրները վերաբերում են հիմնականում աշխատանք եւ կացարան գտնելուն: Խնդրին դրական լուծում է տվել միգրացիոն պետական ծառայությունը»,-ասաց պարոն Զաքարյանը:

Խոսելով սիրիահայ երեխաների կրթության ապահովման խնդրից`  Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ասաց, որ  երեկ եւ  այսօր վարչությունն ընդունել է 15 սիրիահայ ընտանիքի 21 երեխայի. «Ծնողների ցանկությամբ բոլորը տեղավորվել են իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներում:  Նույն սկզբունքը կիրառվել է նաև մանկապարտեզների հարցում: Մանկապարտեզում երեխաները կստատան անվճար ուսուցում եւ սնունդ, իսկ դպրոցի ուսուցումը, ինչպես գիտենք, անվճար է»:

Համալսարանական կրթության շուրջ նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ 12-րդ դասարանն ավարտած և նվազագույն գիտելիքներ ունեցող սիրիահայ երիտասարդները հնարավորություն կունենան ընդունվել բուհի անմիջապես առաջին կուրս. «Իսկ եթե կրթությունը Սիրայում կիսատ է մնացել, դիմորդը կարող է ընդունվել եւ սովորել նույն կուրսում, եթե առարկաների միջև եղած տարբերությունը չի գերազանցում 8-ը: Հակառակ դեպքում դիմորդը նստում է մեկ կուրս ցածր»:

Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը նշեց, որ առաջնային պոլիկլինիկական բուժօգնությունը անվճար է. «Անհետաձգելի դեպքերում սիրիահայերի համար բուժօգնությունը նույնպես անվճար է, սակայն պլանային բուժումները և վիրահատությունները չեն կարող լինել անվճար»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031