Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան. «Վճռաբեկը, Սահմանադրական դատարանի դիրքորոշման վրա հիմնվելով, կայացրել է մի խայտառակ որոշում»

Օգոստոս 22,2012 21:18

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ քննարկում այն մասին, թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխամում դատական մատչելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման հետ:

Մոտ 3 եւ ավելի ժամ տեւած քննարկման ընթացքում իրավաբան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով հ/կ-ների դերին Թեղուտի շահերի պաշտպանության գործում, ասաց. «Մենք գիտենք, որ ե’ւ Թեղուտի ե’ւ Ամուլսարի շահագործման հետ կապված ինչ-որ հանրային լսումներ են իրականացվում, գյուղացիներին, որոնք չունեն աշխատանք եւ ապրուստի միջոցներ, համոզում են, թե ինչ լավ կլինի, որ մարդիկ աշխատանք կունենան, հացի փող կլինի, բայց այդ մարդիկ օբյեկտիվորեն ի վիճակի չեն հասկանալու, գնահատելու, թե ինչ ասել է, օրինակ, տիանիդի միջոցով ոսկու կորզումն եւ, թե ինչ հսկայական էկոլոգիական խնդիրներ են առաջանալու: Այսինքն` հ/կ-ի դերը նաեւ մասնագիտական, փորձագիտական գիտելիքի ապահովելն է կոնկրետ հարցի շուրջ»:

Արթուր Գրիգորյանի խոսքերով, երբ  2006 թ.-ին հաստատվեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գնահատականը, սկսվեց Թեղուտի շահագործման գործընթացը. «Հասարակական սեկտորը՝ հանձին «Էկոդար» հ/կ-ի, Վանաձորի Հելսինկյան ասամբլեայի գրասենյակի, փորձեցին գտնել իրավական մեխանիզմներ այդ անօրիանական, ես կասեի նույնիսկ հանցավոր գործընթացը դադարեցնելու համար: Եւ այդ միջոցներից մեկն էլ դատարանն էր: Վարչական դատարանը 2009թ. հուլիսի 9-ին որոշում կայացրեց եւ վարույթը մերժեց: Մերժման հիմքն այն էր, որ անմիջապես քո իրավունքը չի խախտվել: Դրանից հետո փաստաբանները բողոքարկեցին վարչական դատարանի որոշումը Վճռաբեկում, եւ սա էլ 2009-ի հոկտեմբերին որոշեց, որ «Էկոդարը» պատշաճ սուբյեկտ է, որը Օրհուսի կոնվենցիայի իմաստով շահագրգիռ կազմակերպություն է եւ կարող է օգտվել օրենքից: Այդ ընթացքում մենք դիմել էինք Օրհուսի համապատասխանության կոմիտե, Օրհուսը դրել էր քննարկման, եւ այնտեղ բարձրացվում էր կոնվենցիայի 3-րդ եւ 6-րդ կետերի խախտումը, բայց ոչ 9-րդ: Նշենք, որ այդ կետերը համապատասխանաբար ենթադրում են խոսքի ազատություն եւ հանրության իրազեկվածության իրավունք, իսկ 9-րդը՝ հ/կ-ների եւ ընդհանրապես շահագրգիռ կազմակերպությունների կողմից դատարան դիմելու իրավունք: Դեռեւս գործը գտնվում էր քննարկման փուլում, դրա համար էլ չդրվեց քննարկման Օրհուսում: Հետագայում, որքան էլ աբսուրդային հնչի, Վճռաբեկ դատարանը այս որոշումը ուղարկեց Վարչական դատարան,  եւ Վարչական դատարանը 2010 թ.-ին որոշեց, որ անձը ցանկացած կամ վերացական պահանջով չի կարող դիմել, այլ կարող է դիմել միայն այն դեպքում, երբ հանդիսանում է շահագրգիռ անձ, այսինքն՝ վարչական մարմնի կողմից խախտվել են նրա հանրային սուբյեկտիվ իրավունքները»:

Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ` Վարչական դատարանը նորից պնդել էր իր նախկին որոշումը, հաշվի չառնելով Վճռաբեկի իրավական դիրքորոշումը: Ըստ իրավաբանի` դրանից հետո երկրորդ անգամ Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց, որի համաձայն, հ/կ-ներն իրավունք չունեն իրենց կանոնադրական նպատակներից բխող հարցերի առնչությամբ դիմելու դատական պաշտպանության, քանի որ, ըստ Վճռաբեկի, վարչական դատարան դիմելով արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են. «Զավեշտը նրանում է, որ Վճռաբեկ դատարանը կայացրել է մի որոշում, որի վրա հիմնվելով, Սահմանադրական դատարանը իր իրավական դիրքորոշումն  է հստակեցրել, եւ այդ իրավական դիրքորոշումը համապատասխանում է Վճռաբեկի դիրքորոշմանը: Դրանից հետո անհասկանալի է, թե ինչ մոտիվացիայից ելնելով, միգուցե ինչ-որ զանգի պատճառով կամ այլ դրդապատճառով կայացվում է մի խայտառակ որոշում, հիմնվելով Սահմանադրական դատարանի դիրքորոշման վրա: Առկա է նաեւ Օրհուսի համապատասխանության կոմիտեի կողմից կայացված որոշում, փաստաթղթ, որի համաձայն, Հայաստանը խախտել է իր միջազգային պարտավորությունները»:
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031