Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջևանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրված գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Օհանյանը և նրա դուստրը` նույնպես ՀՀԿ անդամ 31-ամյա Լիանա Օհանյանը: Վերջինս զբաղվում է գործարարությամբ, մարզի տարածաշրջաններում դասավանդում է տոնական սեղանների ձեւավորման հմտություններ: Ռաֆիկ Օհանյանը 1991թ.-ից ղեկավարում է Աճարկուտ համայնքը, նա այժմ համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ի առաջադրմամբ:
«Աղջիկս առաջիկայում կհանի իր թեկնածությունը»,-ասաց Ռաֆիկ Օհանյանը: Նշենք, որ գործող ընտրական օրենսգրքով համայնքի ղեկավարի ընտրությունը կայացած է համարվում, եթե առաջադրվում է մեկից ավելի թեկնածու: Չի բացառվում, որ 185 բնակիչ ունեցող Աճարկուտում կառաջադրվի համայնքի ղեկավարի երրորդ թեկնածու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև