Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել են հարձակումները երկրի մայրաքաղաք Դամասկոսում, որոնց պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ:
Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, զոհեր են եղել քաղաքի Քֆար Սուսեհ, Դերայա և հարավային այլ շրջաններում, որտեղ գործում են կառավարության դեմ հանդես եկող ապստամբները:
Լիբանանի հարավում, ըստ բժշկական աղբյուրների, առնվազն յոթ մարդ է զոհվել այս գիշերվա ընթացքում Տրիպոլի քաղաքում Սիրիայի հարցի շուրջ տարաձայնություններ ունեցող սունի մահմեդականների և ալիևիների միջև բախումների պատճառով:
Քաղաքում կրոնական պատկանելությամբ բաժանված երկու շրջանների միջև սահմանագծում այս շաբաթ սկսված բախումների պատճառով վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատկանում է փոքրամասնություն կազմող ալևիներին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հանդես էր եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրաժարական ներկայացնելու ևս մեկ կոչով՝ նշելով նաև, որ այս երկրի կառավարության կողմից քիմիական զենքի որևէ տեղափոխություն կամ օգտագործում կարող են փոխել Սիրիայի նկատմամբ Միացյալ Նահանգների ունեցած դիրքորոշումը:
Իր ուղերձում նախագահ Օբաման ասել էր, թե Սիրիայում «ռազմական ներգրավման» մասին հրամանագիր չի արձակել: Նախագահը նշել է սակայն, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը, ու Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի որևէ տեղաշարժ կամ օգտագործում կարող է «փոխել հաշվարկները»:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան