ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային վարչության` ՆԱՍԱ-ի «Curiosity» մարսագնացը պատրաստ է Մարսում առաջին իր շրջագայության:
ՆԱՍԱ-ի համաձայն, մարդատար մեքենայի չափեր ունեցող սարքին չորեքշաբթի օրը երեք մետր առաջ անցնելու հրաման կտրվի, որից հետո այն շրջապտույտ կկատարի՝ վերադառնալով վայրէջքի վայր:
Նախապատրաստվելով մարսագնացի շրջագայությանը՝ ՆԱՍԱ-ն փորձարկել է սարքի վեց անիվներից չորսը:
Օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային վարչությունը հայտնել է նաև, որ սարքի վրա տեղադրված քամու երկու ցուցիչներից մեկը շարքից դուրս է եկել՝ վայրէջքի ընթացքում հավանաբար ստացված վնասվածքների պատճառով:
«Curiosity» մարսագնացի վրա տեղադրված են բազմաթիվ սարքավորումներ, որոնց նպատակն է՝ ուսումնասիրել Մարսի երկրաբանական կառուցվածքը, եղանակը և ճառագայթման մակարդակները: Նախատեսված է, որ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ այս առաքելությունը կտևի երկու տարի և կօգնի պատասխանել այս մոլորակի վրա կյանքի զարգացման հնարավորության հարցին:
Հիշեցնենք, որ մարսագնացի վյարէջքից 13 օր անց «Curiosity»-ին բռնցքի մեծություն ունեցող՝ «Coronation» (թարգմանաբար՝ «Թագադրություն») անվանումը ստացած ժայռից 10 վայրկյանում լազերի միջոցով 30 հարված էր արձակել, որի արդյունքում 8 միլիմետր տրամագծով բեկոր է հեռացվել:
Մարսագնացի լազերի յուրաքանչյուր հարվածը, որն ունեցել է վայրկյանի մեկ միլիարդերորդական մասի տևողություն, մեկ միլիոն վատտ էներգիա հզորությամբ է եղել: Ընդհանուր առմամբ իրականացվել էր նման հինգ հարված: Լազերի միջոցով արձակված էներգիան ժայռաբեկորի ատոմները վերածել էր իոնացված, հրաշեկ պլազմայի:
Բացի այդ, լազերային հարվածի արդյունքում առաջացած պլազմայի արտանետումն ուսումնասիրվել է մարսագնացի վրա տեղադրված «ChemCam» սարքի հեռադիտակների սպեկտրաչափերի կողմից՝ տեղեկանալու համար, թե ինչպիսի տարրեր են պարունակվում ուսումնասիրվող ապարում:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան