Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը Արամ Գասպարիչին առաջարկում է ներողություն խնդրել, նա էլ հերքում է

Օգոստոս 22,2012 16:48

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանին հորդորել էր կոնկրետ ներկայացնել, թե ինքը ժամանակին ո՞ր վարկն է մսխել եւ ինչպես: Հիշեցնենք, որ ՀԴԿ նախագահը հայտարարել էր. «Բագրատյանը, որ այսօր բլբուլ է կտրել, ներկայացնում է, թե ոնց է պետք անել, իր օրոք, մենակ իր կառավարման օրոք ահռելի մեծ քանակությամբ վարկեր են վերցվել՝ այսպես կոչված ստրուկտուրային փոփոխությունների համար եւ մսխվել են»: Մեր հարցին, թե ի՞նչ ապացույցներ ունեք, որ այդ վարկը մսխվել է` պարոն Սարգսյանը պատասխանել էր, որ խոսքը բարեփոխումների վարկի մասին է. «Եթե համարում եք, որ բարեփոխումների այդ վարկը, տեխնիկական օգնությունը ճիշտ վարկ է, ուրեմն լավ է: Ես համարում եմ, որ եթե վարկ ես վերցնում, պիտի տանես մի որեւէ ձեռնարկություն վերագործարկես, մի որեւէ ձեռնարկություն կառուցես, որ արդյունք լինի, որ երկիրը շնչի, որ տնտեսությունը կարողանա զարգանալ, որ մարդիկ կարողանան երկրից չհեռանալ: Ինքը՝ Հրանտ Բագրատյանը, թող բացատրի, թե ինչո՞ւ էին իր կառավարության ժամանակ հեռանում երկրից, ինչո՞ւ: Այդ ինչի՞ց էր, որ ինքը ամեն ինչ ճիշտ էր անում, բայց ժողովուրդը թողնում-հեռանում էր»:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը վարկ մսխելու մեղադրանքի առնչությամբ ասաց. «Այդ մարդն ինձ ասում է, որ Բագրատյանը վարկը վերցրել է, մսխել է, իսկ հետո ասում է անկապ միտք, ասում է` որ ինքը համարում է որ…այսինքն` ինքը չգիտի` այդ վարկը ես մսխե՞լ եմ, թե՞ չէ: Ինքը ուղղակի նպատակահարմար չի գտնում: Գիտեք ինչ, իր նպատակահարմար գտնելը կամ չգտնելը որեւէ բան չի նշանակում: Վարկը վերցրել է Հայաստանի Հանրապետությունը, Ազգային ժողովն էլ հաստատել է: Ստացվում է, որ մարդը հավաքում է լրագրողներին ու սուտ է խոսում, զրպարտում է: Դրա համար կարծեմ քրեական պատասխանատվություն է նախատեսված»:

Մեր հարցին` պատրաստվո՞ւմ եք կոնկրետ քայլերի դիմել` նա պատասխանեց. «Չէ, դա մի քիչ շատ կլիներ իր համար»:

Հրանտ Բագրատյանը առաջարկեց Արամ Գ. Սարգսյանին նաեւ ներողություն խնդրել Ազատան գյուղում խողովակներ վաճառելու հայտարարության համար:

Ավելի ուշ Արամ Գ. Սարգսյանը հայտնեց, որ ինքը չգիտի` Ազատանի ի՞նչ խողովակների մասին է խոսքը, ինքն այդ մասին ոչինչ չի ասել: Ինչ վերաբերում է վարկին, նա ասաց, որ 205 մլն ասելով` նկատի ուներ նրան հաջորդած կառավարությունների բոլոր 7 վարկերը. «Եթե Հայաստանի պայմաններում պահանջվում էր առաջին հերթին ժողովրդի համար աշխատատեղ ստեղծել, նորմալ աշխատավարձով ապահովել, երկրում արդարություն հաստատել, այդ վարկերը պետք է վերցնեին դրանց համար»: Մեր դիտարկմանը, որ ասում եք մսխել է, մինչդեռ պարզապես նպատակահարմար չեք գտնում վարկը` նա պատասխանեց. «Մսխել նշանակում է` անիմաստ ծախսել վարկը` Հայաստանի Հանրապետության շահերից չելնելով: Մենք խնդիր ունեինք առաջին հերթին պահպանել մեր բնակչությունը, ինչը չի արվել: Եթե վարկ էինք վերցրել, պետք է սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվեր»:

Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, որ վարկը վերցրել է Հայաստանի Հանրապետությունը, Ազգային ժողովն էլ հաստատել է` Արամ Սարգսյանն ասաց. «Ամենալավ արդարացումը դա է, որովհետեւ դու էլ ինչի՞ համար ես վարչապետ: Սովորական մարդը կարող էր այդպես ասել, բայց վարչապետը իրավունք չունի՞ հասկանալու, թե ինչի համար է վարկը: Բա էլ ինչի՞ համար ես վարչապետ, գնայիր նստեիր խորհրդարանում: Մսխել հասկացությունը, եթե ինքը լավ չի հասկանում հայերեն, ասեմ` մսխվել ասել` նշանակում է, որ վարկը չի ծառայեցվել` ի շահ Հայաստանի Հանրապետության, երկիրը որեւէ տնտեսական զարգացում չի ապրել»: Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ` «Մարդը խոսում է մսխելուց, հետո տեսնում է, որ փաստ չունի, որ ընկել է Արշակ Սադոյանի մազութի գործի օրը, հայտարարում է, թե ես լավ չեմ հասկանում մսխել բառը։ Արդեն ասացի,   այդ տեսակ մարդ է։ Բանավեճի մշակույթից զուրկ։ Հիմա էլ հայոց լեզուն է ստուգաբանում։ Եզրակացությունները ձեզ։ Խնդրում եմ նրա թեմայով ինձ այլևս չանհանգստացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031