Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսցիները ձայն կտան նրան, ով գյուղի ջահելներին կփրկի «խոպանից»

Օգոստոս 22,2012 16:28

Աշոցքի շրջանի 267 ընտրող ունեցող Թորոս գյուղում ընտրապայքարի են դուրս եկել երկու ՀՀԿ-ականներ`գործող գյուղապետ Արմեն Սարգսյանն ու նախկին գյուղապետի որդին` դարձյալ ՀՀԿ-ական Արեստակ Մաթևոսյանը, ով գյուղացիների ասելով, խոպանչի է:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ տեսակ ընտրություններ են սպասվում ձեր գյուղում, լուրջ մրցակից համարո՞ւմ եք նախկին գյուղապետի`Վարդգես Մաթևոսյանի որդուն, Արմեն Սարգսյանը գեղջկական անկեղծությամբ զարմացավ. «Դուք որտեղի՞ց գիտեք, որ նախկին գյուղապետի որդին իմ դեմ է դուրս եկել: Նորմալ ընտրություններ են, ես չէի ասի, թե թեժ է կամ լարված է , դա ժողովրդի կարծիքն է ընդամենը»:

Գյուղապետը նաև շեշտեց, որ ինքը 1997 թվականից Հանրապետական կուսակցության անդամ է: Նրա կարծիքով, թեև զավեշտալի է, որ հանրապետականը պայքարում է կուսակից ընկերոջ դեմ, սակայն գյուղացիներին որևէ կուսակցությունից լինել-չլինելը քիչ է հետաքրքում, այստեղ առավել շատ ժողովրդի «դաբրոն» է անհրաժեշտ:

Այդուհանդերձ այդ երկու թեկնածուներից ո՞վ է ձեռք բերել ՀՀԿ «դաբրոն»` դո՞ւք, թե՞ ձեր մրցակիցը, հարցին էլ գյուղապետը հարցով պատասխանեց. «Ես չգիտեմ, եթե ինձ կուսակցություն է առաջադրել, բնականաբար դաբրոն ո՞ւմը կլինի»:

Այս գյուղապետն էլ կարծես թե հավերժ է, նա 10 տարի ղեկավարում է գյուղը: Մենք հետաքրքվեցինք` ինչո՞ւ է անընդհատ ինքն առաջադրվում, որին ի պատասխան գյուղապետն ասաց. «Եթե մարդն աշխատում է 10 տարի, ուրեմն ունի ծրագրեր, որոնք պետք է հասցնի ավարտին»:

Ի դեպ, մեզ հետ զրույցում այս գյուղի կանայք ասում էին, որ իրենց ձայնը կտան այնպիսի մեկին, ով կկանխի գյուղի ջահել տղամարդկանց համատարած «խոպան» գնալը: Ըստ կանանց, գյուղում այնպիսի մի վիճակ է, որ տղաները ամուսնանալուն պես, նորահարսերին թողնում ու ստիպված Ռուսաստան են մեկնում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031