Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի հ/կ-ներին պարզաբանումներ ստանալ չի հաջողվել ԶՊՄԿ-ից

Օգոստոս 22,2012 16:19

Օգոստոսի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  (ԶՊՄԿ) պոչատարի վթարի հետեւանքով արտադրաջրերը Կապանի Ողջի գետ լցվելուց 2 օր անց դեռեւս կոնցետրատի հետքերը տեղ-տեղ երեւում են գետում: Գետի հարեւանությամբ ապրող բազմաբնակարան շենքերի բնակիչներն ասում են, որ այդ օրերին իրենց մոտ սուր գլխացավ է զգացվել, ինչը տարբերվում էր սովորաբար իրենց մոտ լինող գլխացավերից:

Իսկ դեպքի հաջորդ օրն իսկ բնակիչները Ողջի գետից ձուկ որսալու փորձեր էին անում, նրանցից շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ մեկ օր առաջ գետով կոնցետրատ էր հոսել: Մեզ հանդիպած ձկնորսներից մեկն անկեղծացավ, որ ինքը տեղյակ չէր դրա մասին, անցորդներից իմանալուց հետո էլ կարթը գետից չի հանել, թեեւ արդեն կես ժամից ավելի է՝ չի հաջողվել գոնե մեկ ձուկ բռնել:

Կապանի հ/կ-ները ահազանգում են, որ թափոնաջրերի հետեւանքով ոչնչացվել է Ողջի գետի կենդանական աշխարհը, ջրային եւ օդային ավազանին հասցված վնասները խիստ մտահոգության տեղիք են տալիս: Կապանի հասարակական կազմակերպությունները «Կապանի Կանանց Ռեսուրս Կենտրոն» ՀԿ-ում քննարկում էին կազմակերպել` Ողջի գետի աղտոտման խնդրի ու հասցված վնասների վերաբերյալ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի եւ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պատասխանատուներից պարզաբանում ստանալու նպատակով, սակայն հրավիրված մասնագետները քննարկմանը չէին ներկայացել, ինչը հանդիպման ներկաներին թույլ է տվել մեկ անգամ փաստել նրանց կողմից իրականացվող փակ գործելաոճի մասին` հատկապես կոմբինատի:

«Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը նշեց, որ վթարի օրը կոմբինատի ներկայացուցիչներից ոչ մեկից չհաջողվեց որեւէ տեղեկատվություն ստանալ վթարի մասին, բոլորը հրաժարվում էին առանց գլխավոր տնօրենի թուլտվության մեկ բառ անգամ ասել:

Հանդիպման ներկաները նշեցին, որ սա առաջին դեպքը չէ, որ ԶՊՄԿ-ից տեղեկատվություն ստանալ չի հաջողվում, նույնիսկ այսքան տարիների ընթացքում որեւէ անգամ հասարակական լսումներ չեն կազմակերպվել կոմբինատի կողմից: Մասնակիցները վրդովմունք հայտնեցին, որ այսքան անտարբեր են վերաբերվում մի ամբողջ մարզկենտրոնի բնակչության հանդեպ` շրջապատելով պոչատարներով, պարբերաբար տեղի ունեցող վթարներով էլ մարդկանց դանդաղ մահվան հասցնում: Քննարկման ըթացքում մասնակիցները որոշեցին դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն` խնդրի հետ կապված հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար, բացի այդ նույն օրը հ/կ-ները նաեւ հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«ԶՊՄԿ ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով Ողջի գետում ավելի քան 12 ժամ պոչեր էին հոսում: Տեղի ունեցած վթարի հետեւանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետևանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով, առաջիկայում համապատասխան հարցադրումներով կդիմենք ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում, շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի ՀԿ-երը հետևողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը:
Մենք քննադատում ենք ԶՊՄԿ ՓԲԸ-ի եւ Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը եւ կոչ ենք անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ», -ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են «Կայուն զարգացում», «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն», «Ազատամարտ» կոմիտեի, Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնի, «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մասնաճյուղի, «Առաքելություն Հայաստան» բհ/կ Կապանի մասնաճյուղի պատասխանատուները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031