«Սիրիայից վերադարձած մեր հայրենակիցների համար Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում կազմակերպում ենք Հայաստանի հետ ինտեգրման աշխատանքներ. ասել կուզեմ, որ լեզվական խնդիրների լուծումը, այսինքն արեւմտահայերենով խոսող այս բնակչության ինտեգրումը արեւելահայերենին, իրականացվում է մեր կողմից: Ստեղծվել են տարբեր տարիքային խմբեր, դրանք ե՛ւ աշակերտներ են, ե՛ւ հասուն մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել ավելի հիմնավոր ուսումնասիրել արեւելահայերենը»,-այսօր լրագրողներին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նրա խոսքով, ներկայումս սիրիահայերի երեք խումբ է աշխատում, եւ 3 ուսուցիչ է ներգրավված այդ գործում:
Aravot.am-ի հարցին՝ քանի՞ սիրիահայ դպրոցահասակ երեխա է դիմել քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող դպրոցներում ուսումը շարունակելու համար, տիկին Սողոմոնյանը պատասխանեց, որ դեռեւս հստակ թիվ չկա, եւ ամեն ինչ աշխատանքային փուլում է:
Վարչության պետը փաստեց, որ երեկ Սփյուռքի նախարարի մոտ այդ թեմայով ընդլայնված խորհրդակցություն էր, որը շարունակվելու է նաեւ այսօր երեկոյան: «Մեզ մոտ անընդհատ ծնողներ են գալիս՝ երեխաների հետ, օրինակ երեկ 5 ընտանիք եմ ընդունել, եւ այդ 5 ընտանիքից 6 երեխայի դպրոցում, 2-ին մանկապարտեզում ենք տեղավորել»,-նշեց կրթության վարչության պետը:
Նա ասաց, որ շատ ընտանիքներ դեռեւս կացարանի փնտրտուքի մեջ են, իսկ նրանց, ովքեր արդեն լուծել են այդ խնդիրը, կա՛մ առաջարկվում է բնակության վայրին մոտ գտնվող դպրոցում տեղավորել երեխային, կա՛մ իրենք են հայտնում նախընտրած դպրոցի մասին:
Կարդացեք նաև
«Քաղաքապետի հանձնարարությամբ սիրիահայ երեխաներին ապահովելու ենք անվճար դասագրքերով»,-հավելեց Գայանե Սողոմոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ