Երեւան քաղաքի բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն կանաչ տարածքներ, քաղաքապետարանը բաժանել է խոտհնձիչներ, ծաղիկներ ու ծառեր: Ինչպես այսօրվա ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, այս օրերին կատարվում են դպրոցների տարածքների բարեկարգման, սանմաքրման, կանաչապատման աշխատանքներ:
Նրա խոսքով, սկսվել է նաեւ դասագրքերի ստացման եւ բաշխման գործընթացը. առաջինից չորրորդ դասարանի բոլոր երեխաները կապահովվեն անվճար դասագրքերով, իսկ 5-րդ դասարանից սկսած, դասագրքերը վճարովի են: Ծնողները մինչեւ դեկտեմբեր մաս-մաս կարող են վճարել դասագրքերի համար, որոնց գները, տիկին Սողոմոնյանի ասելով, փակցված են գրադարաններում: Նա հայտարարեց, որ ծնողներին ուղղված որեւէ պարտադրանք՝ դասագրքերի գումարը անմիջապես վճարելու, դպրոցներում բացառվելու է:
Այս տարի ուսումնական պլան են մտել 7-րդ դասարանում երաժշտություն եւ կերպարվեստ առարկաները, իսկ 9-րդ դասարանում գծագրություն առարկան դուրս է եկել ուսումնական պլանից: «ԿԳ նախարարության եւ Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ կազմակերպել ենք ուսուցիչների վերապատրաստումը արձակուրդների ընթացքում, ինչին կհաջորդի ատեստավորման գործընթացը»,-նշեց վարչության պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ