Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների փոխնախարարի հորեղբոր տղայի աշխատավարձը բարձրացրել են 100.000 դրամով. տնտեսությունն աճում է

Օգոստոս 22,2012 15:26

Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը: Նրա խոսքերով` «7.7 % տնտեսության ակտիվության ցուցանիշ ունենք: Խնդրում եմ դա չշփոթել տնտեսական աճի հետ: Կարեւոր ճյուղերում աճ ենք ունեցել. արդյունաբերությունն աճել է 13.4%-ով, ընդ որում, հաշվի առնելով, որ այդ ճյուղերում աճ ենք ունեցել ճգնաժամից հետո, կտեսնեք, որ կա որակական փոփոխություն: Շատ են քննադատությունները, որ արդյունաբերությունը կենտրոնացած է միայն հանքարդյունաբերության վրա: Այդպես չէ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է փոխվել արտահանման տեսակարար կշիռը: Ունենք համեստ գնաճ` 2.2%, պարենային ապրանքների գները շատ ցածր են»:

Լրագրողները հորդորեցին խոսել գործազրկությունից, արտագաղթից, արտաքին պարտքից: Պարոն Արամյանի ներկայացմամբ` «Գործազրկության աճ նկատվում է նաեւ եվրոպական երկրներում: Հունաստանում 7%-ից հասել է 22-24 %-ի: Համեմատության մեջ պետք է նայել: Հիշեք 2009-ին ինչ էր նկատվում, հիմա գործազրկության աճ չկա»:

Ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, փոխնախարարի խոսքերով` աղքատության ցուցանիշը հաշվելու մեթոդոլոգիան է փոխվել, դրա համար թվում է, թե աղքատությունն աճել է 12 կետով, մինչդեռ այն աճել է 5 կետով. «Աղքատությունը 2008-ին 23% էր, 2010-ի հարցման արդյունքներով դարձել է 27.6 %: Կուրծք ծեծելու բան չի, որ մենք բոլոր հարցերը լուծել ենք, բայց մենք արել ենք այն, ինչ բյուջեի սահմաններում է»:

Կառավարության արտաքին պարտքը 3.6 մլրդ դոլար է, որից ներքին պարտքը հանած` 3.1 մլրդ է կազմում: Ըստ Վարդան Արամյանի` «Պարտք վերցնելը վտանգավոր չէ, վտանգավոր է այն չմարսելը»: Հարցին` Հայաստանում այսօր քանի՞ օլիգարխ կարող են ցանկության դեպքում փակել մեր երկրի արտաքին պարտքը` Վարդան Արամյանը պատասխանեց. «Ես չեմ տիրապետում իրենց եկամուտներին»:

Լավատեսական թվեր եւ աճի մի շարք ցուցանիշներ ներկայացնելուց հետո լրագրողները ֆինանսների փոխնախարարին մի քանի անգամ խնդրեցին քաղաքացիների համար մատչելի ասել, կոնկրետացնել, թե այդ թվերն ինչպես են անդրադարձել կյանքի վրա, ինչն է փոխվել: Փոխնախարարը պատասխանեց. «Կոնկրետացնեմ` իմ հորեղբոր տղայի աշխատավարձը բարձրացել է»:

Ավելի ուշ Aravot.am-ը պարոն Արամյանից հետաքրքրվեց` Ձեր հորեղբոր տղան ո՞ր կուսակցությանն է պատկանում: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ական չէ, անկուսակցական է, աշխատավարձը նախկինում եղել է 150 հազար դրամ, հիմա դարձել է 250 հազար, աշխատում է որպես փաստաբան:

Դիտարկմանը, որ Ձեր հորեղբոր տղայի աշխատավարձը բարձրացել է, մեր քեռու, մեր հորեղբոր ընտանիքները գնացել են երկրից, արտագաղթել են` պարոն Արամյանը պատասխանեց. «Այդ տենդենցը 93-ից սկսած` կա: Գիտեք ովքեր են գնում, մարդիկ են, որոնք հիմնականում այն ճյուղերից են, որոնք չեն կարողանում աշխատատեղ ստեղծել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031