Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչների միությունը «խաղից դուրս» վիճակում է

Օգոստոս 22,2012 15:33

Պատճառն, ըստ նկարիչ Արմեն Աթանյանի,  կառույցի՝ միավորում դառնալն է

«Առավոտը»ժամանակին անդրադարձել էր ստեղծագործական միությունների խնդրին՝ շեշտադրելով, որ դրանք չեն կարող հավասարեցվել այլ հ/կ-ների հետ։ ՀՀ-ում գործում է 8 ստեղծագործական միություն՝ գրողների, նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների միություններ եւ այլն։ Անզեն աչքով էլ երեւում է, որ անհրաժեշտ է այդ 8-ին տալ այլ կարգավիճակ, ինչը պետք է իր լուծումը ստանա ԱԺ-ում։ Ստեղծագործական միություններում ներգրավվածների գործունեությունը անհատական բնույթ է կրում, եւ նրանք կարող են ամրագրված լինել միայն մասնագիտական միություններում, ինչը ԽՍՀՄ տարիներին հաշվվում էր իբրեւ աշխատանքային ստաժ։ Պետական մակարդակով նկարիչների միության անդամների մեկական աշխատանքների ցուցահանդես էր տարեկան մեկ անգամ կազմակերպվում, պետությունն էլ պարտադիր գնում էր դրանք՝ հարստացնելով ֆոնդերը:

«Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոն» հ/կ-ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արմեն Աթանյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ անկախության տարիներին այդ ավանդույթը վերացվել է, ֆոնդերն էլ՝ դատարկվել:
Նշենք, որ Աթանյանը 2008-ին ՀՀ նկարիչների միության համագումարում առաջադրել էր նախագահի իր թեկնածությունը, հետո էլ՝ հրաժարվել եւ ստացած քվեների շուրջ 30 տոկոսը «նվիրել» կոլեգային՝ ճանաչված նկարիչ Հաղթոյին (Հաղթանակ Շահումյանին), ով, ինչպես հայտնի է՝ չհաղթեց։
Մեր զրուցակիցը հիշեց, որ դեռեւս 2003 թ. գրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի հետ համագործակցության արդյունքում գրել էին ստեղծագործական միությունների մասին օրենքի նախագիծ։ Նշեց, որ այդ տարի միության կողմից ներկայացված օրենքի նախագծում կային նկարիչների գործունեությունը խաթարող կետեր։ «Օրինակ, մեկում ասվում էր, որ պետությունը իրավասու է միության սեփականությունը պետականացնելու։ Մենք ապացուցեցինք, որ եթե օրինագծում մնա այդ կետը, ապա, պարզապես, ասենք՝ միության շենքը կվերցնեն ու հետագայում կվաճառեն… Առաջարկեցինք, որ Հայաստանի ստեղծագործական միությունները այս դեպքում միավորվեն, օրենքի նախագիծը ներկայացնենք ԱԺ։ Կարճ ասած՝ օրենքը ձեռքից ձեռք անցավ, ճիշտ է՝ այն տարիների ԱԺ մշակույթի, կրթության, գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Հովսեփյանը զբաղվեց այդ գործով, սակայն հիշյալ վիճահարույց կետը այդպես էլ մնաց օրենքի նախագծում: Ի դեպ, այդպես էլ մինչ օրս չունեցանք ստեղծագործական միությունների մասին օրենք՞,- ասաց Արմեն Աթանյանը: Նա հավելեց, որ ժամանակին ԳԱԱ-ի հետ հրավիրվեց ընդհանուր համագումար եւ այդպես էլ արվեստագետների երազած օրենքը «քնեց» մինչ օրս։ Արվեստագետը շեշտեց, որ 2007-ին միությունում շուրջ 100-հոգանոց ժողով արվեց եւ փոխվեց կանոնադրությունը, մինչդեռ նկարիչների միությունն ունի 1200 անդամ։ Իսկ արդեն 2008-ին կայացած համագումարում, ելնելով նոր կանոնադրությունից, միությունը դարձավ միավորում։ Ընդ որում՝ միավորումը ունենում է տնօրեն, այլ ոչ թե նախագահ։
Հարցին՝ որպես Հանրային խորհրդի անդամ, անզո՞ր է գոնե ժամանակին գրած իր օրենքի նախագիծը «հասցնել» ԱԺ«,մեր զրուցակիցը պատասխանեց. «Հանրային խորհուրդը զուտ խորհրդատվական մարմին է։ 2011թ. Հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովի ընդհանուր նիստում հանդես եմ եկել ստեղծագործական միությունների մասին օրենքի ստեղծման առաջարկով, ինչին հավանություն տվեց Խոսրով Հարությունյանը, եւ արդեն Հանրային խորհրդի վարչության նիստում օրենքի նախագծի մասին ընթանում են քննարկումներ։ Ես ու համախոհներս հուսով ենք, որ ի վերջո ԱԺ-ն այս աշնանային նստաշրջանում «տիրություն» կանի նախագծին, այլապես, ճիշտն ասած, իմաստ չունի ստեղծագործական միությունների հետագա գործունեությունը։ Այսօր նկարիչների միավորումը դարձել է մի քանի հոգու միավորում։ Փաստորեն, այն ստեղծագործողի համար «չի աշխատում»։ Եթե խորհրդային տարիներին ցուցահանդեսները տեւում էին 15-20 օր, հիմա, քանի որ սրահները տրվում են վարձակալությամբ, ցուցադրություններ, հասկանալի պատճառով, մեկ շաբաթից չեն անցնում։ Իսկ վարձակալության համար նախատեսված գումարն էլ կայուն չէ։ Ստացվում է, որ նկարիչների մեծ մասը հայտնվել է «խաղից դուրս» վիճակում։ Էլ չասենք, որ ընդամենը մի քանի խմբակային ցուցահանդեսների մասնակիցը կարող է հանգիստ դառնալ միավորման անդամ»։
1986թ. նկարիչների միության անդամից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ինքը շարունակում մնալ միավորման անդամ։ «Արտերկրում դեռեւս ԽՍՀՄ-ի շորշոփը կա, հիմնականում հայկական միջավայրում։ Այդ կարծրատիպը դեռ երկար «կգոյատեւի»։ Դուրս գալ միավորումից պետք չէ, այդտեղ ներկա է հայ արդի նկարիչների սերուցքը, որի բացակայության դեպքում միավորումում քաոս կտիրի»,- հայտնեց Արմեն Աթանյանը։
Հարցին, թե ինչո՞ւ խորհրդային տարիներից մինչ օրս հայրենիքում չի ներկայացել անհատական ցուցահանդեսով, նկարիչը նախ նշեց, որ արտերկրում ունեցել է անհատական 35 ցուցահանդես, իսկ վերջինը 1,5 ամիս առաջ էր՝ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարանի «Զորյան» թանգարանում։ Հետո էլ Աթանյանն ասաց.«Պատրաստվում եմ մինչեւ տարեվերջ Երեւանում ունենալ անհատական ցուցահանդես, իսկ մինչ այդ՝ աշնան սկզբին, կներկայանամ անհատական կայքով՝ www.atanyanarm.com»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031