Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսվելու կապակցությամբ անցյալ տարվա տասնօրյակի փոխարեն, այս տարի մեկամսյակ է հայտարարված, բոլոր դպրոցամերձ փողոցներն ու դպրոցները ոստիկանների հսկողության տակ են լինելու՝ աշակերտների անվտանգության նկատառումներով:
Բաժնի պետի խոսքով, դպրոցների մոտ գտնվող փողոցները կապահովվեն ճանապարհային նշաններով, ընդ որում այս պահի դրությամբ 30 %-ն արդեն կահավորված է համապատասխան տեխնիկական միջոցներով:
Պարոն Սարգսյանը ցավով փաստեց, որ անցյալ տարի այս օրերին 6 դժբախտ դեպք է գրանցել, 2010-ին՝ 8: Նա նշեց, որ ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ եւ գրավոր հրամանի համաձայն, իրենք գործադրելու են բոլոր ջանքերը դպրոցականների տնից՝ դպրոց, դպրոցից՝ տուն անվտանգ երթեւեկն ապահովելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ