Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տուրիստները Եգիպտոս են մեկնել մեղրամսի, բայց կարող է հայտնվեն բերդում

Օգոստոս 22,2012 14:46

Հայ տուրիստներին խոստացել են հեքիաթային հանգիստ՝ այս 5-աստղանի հյուրանոցում:

Ամուսնական զույգը չի պատկերացրել, որ մեղրամիսը կանցնի ոչ թե այս համարում, այլ փողոցներում կամ բանտում

Տուրիստական Happy Voyage գործակալությունը Եգիպտոս մեկնած  տուրիստներին իսկապես «անմոռանալի» հանգիստ է պարգեւել

Շարմ Էլ Շեյխից «Առավոտին» ահազանգել է հայ տուրիստների մի խումբ, որը Եգիպտոսի 5-աստղանի հյուրանոցում անմոռանալի ու հեքիաթային հանգիստ անցկացնելու փոխարեն հայտնվել է փողոցում, նրանց սպառնում է ընդհուպ մինչեւ ձերբակալություն:

Տուրիստները, Հայաստանում նախօրոք կատարելով բոլոր վճարումները, Եգիպտոս են գնացել Happy Voyage տուրիստական գործակալության միջոցով ու Շարմ Էլ Շեյխում ընկել իսկական արկածների գիրկը: Տուրիստական փաթեթում նշված Sunrise Grand Select Arabian beach resort հյուրանոցում առաջին օրը հայ տուրիստներին սիրալիր ընդունել են, տեղավորել, բայց հետո, հասկանալով, որ տուրիստական գործակալությունը ոչ մի գումար իրենց չի փոխանցել՝ նրանց զգուշացրել են, որ պետք է վճարեն: Զբոսաշրջիկները հայտնվել են խուճապի մեջ, փորձել կապվել տուրգործակալության հետ, բայց նրանք, տուրիստների պատմելով, բացի խոստումներից, որեւէ քայլ չեն ձեռնարկել. «Սկզբում խոստացան, որ ամենաուշը շաբաթ օրը բոլոր փոխանցումները կկատարեն, սակայն մինչ օրս հյուրանոցին ոչ մի կոպեկ չեն փոխանցել»: Հյուրանոցի աշխատակիցները հայերին անընդհատ աչքի առաջ են պահել՝ թույլ չտալով, որ նավ նստեն, տարածքից մի փոքր հեռանան՝ վախենալով, որ, այսպես ասած, «կթռնեն» ու հյուրանոցի ծախսերը կթողնեն իրենց վրա:
Ընդ որում, տուրիստներից ոմանք Եգիպտոս են մեկնել մեղրամիսն անցկացնելու, շատերը՝ ընտանիքներով, փոքր երեխաներով ու, մեղմ ասած՝ հայտնվել փողոցում: Մի քանի ինտենսիվ զգուշացումներից հետո հյուրանոցի անձնակազմն այլեւս սկսել է չսպասարկել հայերին, իսկ երեկ առավոտյան արդեն մենեջերը հորդորել է՝ դիմեք դեսպանատուն, մենք police ենք կանչելու, մինչեւ մեր գումարը չվճարեք՝ չեք գնա: Իսկ հյուրանոցի ծախս ասվածը բավականին խոշոր գումար է: Առանց փաթեթի 4 օրվա համար յուրաքանչյուր տուրիստից պահանջում են 2 600 դոլար՝ միայն գիշերելու համար:
Քանի որ հանգստի համար նախատեսված ողջ գումարը նախօրոք վճարած են եղել տուրիստական գործակալությանը, հայ տուրիստները իրենց հետ չնչին գումար են վերցրել: Փորձել են՝ ում գրպանում ինչքան գումար կա, հավաքել ու մի կերպ կատարել վճարումները, բայց չի ստացվել:
Մեզ ահազանգած տուրիստներից մեկի խոսքերով՝ «2 հոգու համար 5-աստղանի հյուրանոցի մի շարք ծառայություններից օգտվելու պայմանով մենք վճարել ենք 2010 դոլար: Մարդ կա՝ վճարել է ավելի շատ՝ 3500 դոլար, որի մեջ մտնում է նույնիսկ հյուրանոցի համարում գազավորված ըմպելիքներից, սառնարանի պարունակությունից օգտվելու անվճար ծառայությունը: Մարդ կա՝ վճարել է քիչ, բայց քանի որ այստեղ խառնաշփոթ է, բոլորը տեղավորվել են նույն հյուրանոցում, թե ով ինչքան է վճարել՝ արդեն կարեւոր չէ»:
«Առավոտը» պարզաբանում ստանալու համար դիմեց «Հեփի Վոյաժ» գործակալությանը: Աշխատակցուհին, լսելով, որ տուրիստները հասցրել են ահազանգել լրատվամիջոցներին, խոստացավ տնօրենին փոխանցել բողոքը եւ ավելի ուշ պատասխանել մեր հարցերին: Սակայն երեկ արդեն այդ տուրիստական գործակալության հեռախոսները չէին պատասխանում:
Եգիպտոսից հայ տուրիստները դիմել են արտգործնախարարությանը՝ խնդրին միջամտելու եւ մի լուծում տալու համար: Տուրիստները ահաբեկված ու դեպրեսիայի մեջ՝ սպասում են պատասխանի:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031