Սեւանի ափերին բացվում է եւս հինգ հանրային լողափ: Այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ անցած տարի բացված երկու հանրային լողափերն էլ ծանրաբեռնված աշխատել են, մոտ 100 հազար հանգստացող օգտվել է դրանցից, եւ որոշում է կայացվել հանրային լողափերի թիվն ավելացնել եւս հինգով:
Բանախոսի փոխանցմամբ, լողափերում գործում են անվճար ծառայություններ` ավտոկայանատեղի, սանհանգույց, սպորտային եւ մանկական խաղահրապարակներ, անհրաժեշտ պարագաներ, տեղադրված են աղբամաններ: Հանրային լողափը պետք է մայրուղուն, երկաթգծին մոտ, անվնաս եւ մաքուր լինի:
Ա.Ավալյանն ասաց, որ ֆինանսավորումն իրականացվել է ՄԱԿ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, տրամադրվել է 47 հազար դոլար` թիվ երրորդ լողափի վերազինման համար, այժմ էլ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, որոնք կավարտվեն սեպտեմբերի կեսերին. «Մեր բոլոր հինգ լողափերում էլ կան փրկարարական ծառայություններ, հենց անմիջապես Շորժայում էլ մենք շատ լավ լողափ ունենք, մտնում եք Շորժա, աջ կողմի վրա առանձնացված լողափեր կան, գնացքն էլ գալիս, կանգնում է էդտեղ»:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքերով, Սեւան ազգային պարկը իր ենթակայության տակ 144 հազար հեկտար հատուկ պահպանվող տարածք ունի, որից 4300 հեկտարը հանգստի կազմակերպման գոտին է, որի կեսն էլ վարձակալությամբ է տրված: Ա.Ավալյանը լրագրողներին հիշեցրեց, որ դեռ 2008 թ.-ի դեկտեմբերին կառավարությունը որոշում է կայացրել, որ անկախ այն բանից` լողափը հանրայի՞ն է, թե՞ մասնավոր, վարձակալը լողափ կազմակերպելու կամ վարձակալությամբ տրված մակերեսի միայն 80 տոկոսն իրավունք ունի ծանրաբեռնել եւ օգտագործել: Մնացած 20 տոկոսի մուտքը հանրության համար պետք է բաց լին. «Ցանկացած լողափ, եթե ծառայություններից չեք օգտվում, կարող եք մտնել, լողանալ, դուրս գալ»-ասաց նա: Մասնավոր սեկտորին էլ որպեսզի ստիպեն ավելի որակյալ ծառայություններ մատուցել, պետք է հանրային լողափերի թիվն ու մատուցվող ծառայությունների որակը բարձրացնեն, այլապես, ինչպես նշեց հանրային լողափերի պատասխանատուն, այն մարդիկ, ովքեր մասնավորի մոտ են գնում հանգստանալու, հանրային լողափեր կգնան. «Հանրային անվճար լողափերի ծանրաբեռնվածությունը գուցե եւ ստիպի մասնավոր սեկտորին վերանայել գները»:
Կարդացեք նաև
Աշոտ Ավալյանն վստահեցրեց, որ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված տուգանքներ կան, սակայն նա խնդիրը տեսնում է ոչ թե տուգանքների մեջ, այլ մարդկանց գիտակցաբար մոտեցման. «Հնարավոր չէ ամեն մի մետրի վրա տեսուչ կանգնեցնել, մեր գիտակցության մեջ պետք է փոփոխություն մտցնել»:
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ