Արդյունաբերությունն ու արտահանումն աճել են, դոլարը` էժանացել
Նախօրեին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին յոթ ամիսների դրությամբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները: Դրանց համաձայն` 2012 թվականի առաջին յոթ ամիսների դրությամբ Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը 7.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի մակարդակը: Ըստ որում` տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության, վիճակագրական ծառայությունն արձանագրել է դրական դինամիկա:
Ընթացիկ տարում ամենաէական աճն արձանագրվել է արդյունաբերության ոլորտում: Վիճակագրական տվյալներով` 2012 թվականի հունվար-հուլիս ամիսներին երկրում թողարկվել է 595.3 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13.4 տոկոսով ավելին է:
Կարդացեք նաև
Երկնիշ աճ է արձանագրվել նաև ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտում: 2012թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ծառայությունների ծավալը` առանց առևտրի, կազմել է 535.1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ավելին է 11.0 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 290.5 մլրդ դրամ կամ` 10.2 տոկոսով ավելին, քան 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին:
Առևտրի ոլորտում նույնպես արձանագրվել է աճ` 2.9 տոկոս: Դիտարկվող ժամանակահատվածում առևտրի շրջանառության ծավալը կազմել է 1052.6 մլրդ դրամ:
Միակ ոլորտը, որտեղ արձանագրվել է անկում, շինարարությունն է: Դիտարկվող ժամանակահատվածում երկրում իրականացված շինարարության ծավալը կազմել է 165.4 մլրդ դրամ: Այս ցուցանիշը 2011 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.2 տոկոսով:
2012-ի առաջին յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել է 4716.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը գերազանցում է 333.1 մլն կՎտ ժամով կամ 7.6 տոկոսով:
Թե արտադրված էլեկտրաէներգիայից ինչքա՞նն է սպառվել երկրի ներսում և որքանն՝ արտահանվել, հայտնի չէ: Փոխարենը, ըստ վիճակագիրների, ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների դրությամբ, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ընդհանուր արտահանումն աճել է 13.1 տոկոսով և կազմել 802.2 մլն դոլար: Դեպի Հայաստան ներմուծման ծավալները նույն ժամանակահատվածում կազմել են 2336. 3 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելին է 6.4 տոկոսով: Արդյունքում՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3138.5 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է 8.1 տոկոսով:
Փաստորեն, արտահանման առաջանցիկ տեմպերով աճը նպաստել է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշռի մեղմացմանը: Եթե 2011 թվականի առաջին յոթ ամիսների կտրվածքով դեֆիցիտը կազմում էր արտաքին առևտրի 51.2 տոկոսը, ապա 2012 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով և կազմել 48.9 տոկոս:
ԱՎԾ օպերատիվ տվյալների համաձայն` դիտարկվող ժամանակահատվածում հանրապետությունում միջին անվանական աշխատավարձը կազմել է 116 928 դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 4.6 տոկոսով: Ըստ որում, պետական հատվածում անվանական աշխատավարձն աճել է 4.2 տոկոսով և կազմել 93903 դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 4.6 ու կազմել 143985 դրամ:
Միևնույն ժամանակ երկրում գրանցվել է սպառողական գների աճ` 2.2 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ որում` հուլիսին գրանցվել է 1.5 գնանկում, ինչի շնորհիվ գնանկման տեմպը փոքր-ինչ նվազել է: Հուլիսյան գնանկումը բացատրվում է պարենային ապրանքների գների նվազմամբ: Պարենային հիմնական ապրանքները (միրգ, բանջարեղեն, հրուշակեղեն, շաքարավազ, բուսական և կենդանական յուղ, ծովամթերք և այլն) հունիսին էժանացել են: Փոխարենը անցնող ամիս 1.5 տոկոսով թանկացել են հացամթերքները, 0.7 տոկոսով` մսամթերքը:
Ոչ պարենային ապրանքների կազմում առավել կտրուկ է եղել մշակույթի ապրանքների գնաճը՝ 5.5 տոկոս: Հունիսի համեմատ նախորդ ամիս 2.5 տոկոսով թանկացել են շինանյութը և գորգեղենը, 1.9 տոկոսով՝ գեղահարդարման ապրանքները, 1.2 տոկոսով՝ հագուստը և գործվածքը: Միևնույն ժամանակ գրանցվել է գնանկում վարելիքի շուկայում. բենզինն էժանացել է 2 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը՝ 1 տոկոսով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների կազմում նվազել են միայն իրավական և բանկային ոլորտի ծառայությունների սակագները՝ 0.5 տոկոսով: Միևնույն ժամանակ 1.3 տոկոսով թանկացել են հանգստի կազմակերպման, 0.6 տոկոսով՝ միջքաղաքային տրանսպորտի, 0.2 տոկոսով՝ հանրային սննդի և մշակույթի ոլորտի ծառայությունների սակագները:
Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսին, ապա այն հունվար-հուլիս ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած 6.6 տոկոսով աճել է: Ամսվա կտրվածքով այս դեպքում ևս արձանագրվել է գնանկում` 2.0 տոկոսային կետով:
Վիճակագրական տվյալներով, ՀՀ ազգային դրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ հուլիսին շարունակել է արժևորման միտումը: Մասնավորապես, եթե հունիսին մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.60 դրամ, ապա հուլիսին դրամի միջին փոխարժեքն արժևորվել է 15.10 դրամով և կազմել 597.50 դրամ: Հարկ է նկատել, որ մինչ այդ դրամը շուրջ 11 ամիս անընդմեջ արժեզրկվում էր և 2012 թվականի մայիսին գրանցվել էր մեկ դոլարի դիմաց 414.63 դրամ փոխարժեքը: Արդյունքում, թեև հունիսին և հուլիսին գրանցվել է դրամի արժևորում, այնուամենայնիվ 2012 թվականի հուլիսի միջին փոխարժեքը նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 12.1 տոկոսով կամ 44.1 դրամով:
«Առավոտ» օրաթերթ