Լրահոս
Օրվա լրահոսը

Պասիվության պատճառները

Օգոստոս 22,2012 13:42

Զարգացած երկրներում տեղական ինքնակառավարման խնդիրները կարեւորագույնների շարքում են: Շարքային եվրոպացու, ամերիկացու կամ կանադացու համար, թերեւս, ավելի կարեւոր է, թե  ով է իր թաղամասում պահպանում կարգուկանոնն ու մաքրությունը,  ինչպես են գործում իր կողքը գտնվող մանկապարտեզներն ու դպրոցները, քան այն, թե ով է մայրաքաղաքի գրասենյակներում ինչ-որ գլոբալ հարցեր լուծում: Քաղաքապետի, գյուղապետի կամ տվյալ շրջանի ղեկավարների ընտրությունները նման երկրներում ավելի շատ են կարեւորվում, քան նախագահականները: Մյուս կողմից, տեղական ընտրությունները լուրջ փորձություն են կուսակցությունների համար. օրինակ, այս տարվա մայիսին Գերմանիայի որոշ մարզերում կայացած ընտրություններերում իշխող` Քրիստոնյա- դեմոկրատական միության անհաջողությունները լուրջ ազդանշան են Անգելա Մերկելի կուսակցության համար:

Մեզանում այդ ընտրությունները սովորաբար երկրորդական նշանակություն ունեն: Պատճառների մի մասը, կարելի է ասել, օբյեկտիվ է. մեր քաղաքներն ու գյուղերը չունեն այն ինքնուրույնությունը եւ այն բյուջեները, որոնցով կարելի է մարդկանց համար կարեւոր կենսական հարցեր լուծել: Իսկ այն փոքր գումարները, որոնք ընկնում են քաղաքապետերի եւ գյուղապետերի ձեռքը, սովորաբար մսխվում են նրանց կողմից` ձեռնասուն ավագանիների օգնությամբ: Կա նաեւ սուբյեկտիվ կողմը` կուսակցական ամբիցիաները մեզանում էապես ավելի բարձր են տեղական մակարդակից.  քաղաքականապես ակտիվ մարդն իրեն երազում է տեսնել  նախագահական, նախարարական, ծայրահեղ դեպքում` պատգամավորական աթոռում, ոչ թե` ինչ-որ գյուղապետի պաշտոնում: Ահա եւ ստացվում է, որ տեղական իշխանության համար պայքարը ոչ թե քաղաքական է, այլ կլանային` տասնամյակներ շարունակ թշնամություն անող ընտանիքների համար դա լավ առիթ է` հերթական անգամ հարաբերություններ պարզելու:

Բայց գլխավոր պատճառն այն է, որ մեր նման երկրներում ամեն ինչ որոշում է առաջին դեմքը, եւ, բնականաբար, հենց դրա համար էլ բնակչության կեսն իրեն տեսնում է հենց այդ դերում: Այստեղից  բխում է հետեւյալ առանձնահատկությունը` կարեւոր չէ, թե որ պաշտոնն ես դու զբաղեցնում, կարեւոր է, թե որ «կռուգի» մեջ ես դու մտնում: BBC-ն վերջերս վերաշարադրել է քաղաքագիտական մի զեկուց, ըստ որի, Պուտինի  ամենամերձավոր շրջանակի մեջ մտնում են ոչ միայն վարչապետը եւ Կրեմլի վարչակազմի ղեկավարը, այլեւ, օրինակ, «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը եւ համեմատաբար քիչ հայտնի գործարարներ Գենադի Տիմչենկոն եւ Յուրի Կովալչուկը: Այսինքն` պաշտոնական հիերարխիան պետական նման կառուցվածքի դեպքում որեւէ նշանակություն չունի`որոշիչ է իրական քաղաքական եւ տնտեսական կշիռը: Մարդիկ, իհարկե, ձգտում են այդ` իրական, ոչ թե ձեւական իշխանությանը:

Ընդդիմությունն առաջիկա ՏԻՄ ընտրությունների հարցում պասիվ է: Բոլոր վերը նշված պատճառներից բացի` հնարավոր է, որ այն չի ուզում իր ռեսուրսները վատնի նախագահական ընտրություններից առաջ:

 

Արամ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031