Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության փոխնախարար. «Եթե գյուղատնտեսության նախարար չլիներ Սերգո Կարապետյանը, դեղձն ամբողջովին կփչանար»

Օգոստոս 22,2012 12:54

Վերջերս Սարդարապատ համայնքի բնակիչները բողոքել էին, որ «ՄԱՊ» ընկերությունը 10 օրով ուշ է սկսել մթերումը եւ գյուղացիների բերքը փչացել է:

Սրան ի պատասխան, այսօր, «Հայացք» ակումբում, Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը պարզաբանեց. «ՄԱՊ»-ն իր ծրագրած ժամանակահատվածից, մեր միջամտությամբ, մթերումը շուտ սկսեց, որովհետեւ մթերող գործարաններից մեկի, որը պետք է մթերեր այդ ապրանքները, արտադրական հզորությունը շատ փոքր մասով էր աշխատում եւ այդ խնդիրը վերացնելու համար «ՄԱՊ»-ն իր նախատեսածից շուտ սկսեց մթերել»:

Պարոն Մակարյանը դժգոհություն հայտնեց մթերող մասնավոր ընկերությունների գործելաոճից, որոնք գյուղնախարարությանը մի թիվ են ներկայացնում, հետո հրաժարվում իրենց ներկայացրած քանակությունն ընդունել. «Գործարանի սեփականատիրոջը ոչ ոք չի մեղադրում: Եթե մասնավոր մթերող կազմակերպություններն իրենց կողմից ներկայացված թվերին տեր կանգնեն,  իրացման խնդիր մենք չենք ունենա: «Բորոդինո»-ի, Էջմիածնի պահածոների գործարանների սեփականատերերին հարցրեք ինչո՞ւ գումարներ չեն տալիս, որ գործարանները նորմալ աշխատեն: Գյուղնախարարությունն իր ուժերով այդ ամենը կազմակերպում է: Նախարարությունը մասնավորի գործերին խառնվելու որեւէ լծակ չունի, բայց «Բորոդինո»-ի պահածոների գործարանից մենք հիմա պահանջելու ենք, որ մթերման գինը բարձրացնի: Եթե չավելացնի մենք կխնդրենք, որ «Բորոդինոն» գործարանը փակի: Գյուղացու համար այդ 2-3 դրամը մեծ նշանակություն ունի»:

Aravot.am-ի հարցին, թե ստացվում է ամեն անգամ մթերող մասնավոր ընկերոությունները գյուղնախարարությանը «քաշում են» նախապես ներկայացնելով մի թիվ, իսկ բերքի մթերման ժամանակ հրաժարվում են իրենց խոստումներից, գյուղնախարարությունը, որպես քաղաքականություն մշակող, որեւէ լծակ չունի՞ այդ ընկերություններին պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, պարոն Մակարյանն ասաց. «Մենք ձեզանից էլ շատ ենք մտածում այդ մասին: Հիմա մտածում ենք, որոշակի լծակներ գտնենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրը լուծենք»:

Փոխնախարաը դեղձի հաջող իրացումն էլ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհքով պայմանավորեց. «Ոչ ոք չգիտեր, որ այս տարի Տավուշում դեղձի ծավալները մի քանի անգամ բարձր է լինելու: Դեղձը ոչ ոք չի մթերում, բացի Արտաշատի պահածոների գործարանից, որը դուք համարում եք շատ վատը, որովհետեւ կապում եք գյուղնախարարի որդու անվան հետ, բայց էլի եմ կրկնում, որ եթե գյուղատնտեսության նախարար չլիներ Սերգո Կարապետյանը՝ դեղձը ամբողջովին կփչանար»:

Ռոբերտ Մակարյանի տվյալներով, օգոստոսի 21-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հանրապետությունում մթերվել է 19 հազար 561 տոննա պտուղ բանջարեղեն: Գյուղնախարարության մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ այս տարի մթերման ենթակա կլինի 28 հազար 880 տոննա բերք, ինչը կգերազանցի նախորդ տարվա ծավալներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031