Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների պաշտպանը կատարում է փոստատարի գործառույթ»

Օգոստոս 22,2012 12:30

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը մայիսի 23-ին դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով արձանագրել իր խախտված իրավունքները եւ միջոցներ ձեռնարկել խախտողներին պատասխանատվության ենթարկելու համար: Նա մասնավորապես բարձրացնում էր այն խնդիրը, որ 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից 15 օր անց ինքը նկատել է, որ Երեւանի թիվ 12/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից իր անձնագրում դրված ԿԸՀ մակագրությամբ դրոշմակնիքը չի անհետացել։ Ուստի ՄԻՊ-ին ուղղված դիմումում  Կ. Հեքիմյանը գրել է. «Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ կետի՝ «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո՝ անհետանում»։ ՀՀ ԱԺ մայիսի 6-ին կայացած ընտրություններից անցել է շուրջ 20 օր, սակայն իմ անձնագրում դրված դրոշմակնիքը մինչ այժմ չի անհետացել։ Գտնում եմ, որ դրանով խախտվել է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը (հոդվածը քվեարկության գաղտնիության մասին է՝ խմբ.), ինչպես նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ կետը»։

Aravot.am-ի հետ զրույցում Կ. Հեքիմյանը ներկայացրեց գործի նոր մանրամասներ: Նա նախ հիշեցրեց. «Մինչև խորհրդարանական ընտրությունները մի քանի կուսակցություններ՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և մյուսները դիմել էին Սահմանադրական դատարան ու պահանջում էին, որ այն կիրառի Սահմանադրության 4-րդ հոդվածը, որում խոսվում է քվեարկության գաղտնիության մասին: Ըստ այդմ՝ նրանք պահանջում էին հրապարակել ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները: Սակայն Սահմանադրական դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ դրանք գաղտնի տվյալներ են: Սակայն հենց սա խախտում է Սահմանադրության համապատասխան նորմը: Մի դեպքում ՍԴ-ն որոշում է,  որ դրանք գաղտնի տվյալներ են և չի հրապարակում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, մյուս դեպքում նույն ԿԸՀ-ն դրոշմակնիքների առկայության վերաբերյալ ոչինչ չի ասում: Փաստորեն, նույնանման պարագայում երկու տարբեր մոտեցում»:

Կ. Հեքիմյանը նեղսրտում է, թե քանի որ իր անձնագրից չի անհետացել դրոշմակնիքը, ինքը, ինչպես նաև նույն իրավիճակում հայտնված տասնյակ հազարավոր մարդիկ, չեն կարողանում ինչ-որ գործողություն անել: Իսկ դա խախտում է Սահմանադրության  4-րդ հոդվածը:

Անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեությանը՝ Կ. Հեքիմյանը նշեց. « ՄԻՊ-ն, ըստ իս, կատարում է փոստատարի գործառույթ: Մարդիկ դիմում են նրան՝ վկայակոչելով ինչ-որ հոդվածներ, որոնք խախտվել են, իսկ ՄԻՊ-ը փոխարենը հստակ անդրադառնա այդ հարցին, դիմում է  ինչ-որ այլ մարմինների: Ուստի գտնում եմ, որ մեզ այդպիսի ՄԻՊ-ի ինստիտուտ պետք չէ, քանի որ դա ոչնչով չի տարբերվում Հայփոստից: Ուղղակի Հայփոսոտւմ նամակը 100 դրամով են ուղարկում, իսկ ՄԻՊ-ը՝ առանց դրա»:

Կ. Հեքիմյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, որ այն վերանայի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության՝  Սահմանադրության համապատասխանությունը: Մեր զրուցակիցը հավելեց. «Մի քանի տարի առաջ նախկին Մարդու իրավունքների պաշտպանի անգործությունը փորձել եմ դատարանում վիճարկել՝ նույնանման փաստական հանգամանքների շուրջ: Սակայն մարդու իրավունքների պաշտպանը, ի տարբերություն հարկային տեսչության, կամ այլ վարչական մարմինների՝ կարող է անգործ լինել և նրա նկատմամբ չես կարող անգործություն վիճարկել: Դիմում ես դատարան և ասում են, թե նա վարչական մարմին չէ»:

Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Սակայն նա ասաց. «Առանձին անհատների կողմից հնչեցված գնահատականները ես չեմ մեկնաբանում: Յուրաքանչյուր անհատ ունի իր կարծիքն ունենալու իրավունք, նույնիսկ եթե այն չի համընկնում իմ կարծիքի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031