Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին:
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր:
Ավելի քան 140 հազար բնակչություն ունեցող Աջափնյակ վարչական շրջանը ևս շուտով կունենա իր հանգստի հարմարավետ կենտրոնը: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող շուրջ 1.6 հա տարածք զբաղեցնող հատվածում կառուցվող նոր հանգստի գոտու աշխատանքներին:
Տասնյակ տարիներ անխնամ մնալուց հետո Հանրապետական հիվանդանոցի հարակից այս տարածքը կորցրել էր իր նպատակային նշանակությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հանգստի գոտու վերակառուցումն ընդգրկվեց քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերում: Վերակառուցման աշխատանքների արդյունքում արդեն այս աշնանը բնակիչներին կհանձնվի ջրավազանով, ժամանակակից խաղային ատրակցիոններով, հարմարավետ նստարաններով, փակ և բաց զրուցարաններով կահավորված հանգստի յուրօրինակ գոտին:
Կարդացեք նաև
Հանգստի գոտու համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում կառուցվում են նոր մայթ-արահետներ, սալապատվում են փողոցների կողմից դեպի այգու մուտքերը տանող արահետները, ինչպես նաև անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց: Տարածքում գերակշիռ մաս կկազմեն կանաչ տարածքներն ու նոր սիզամարգերը, ինչի նպատակով ամբողջությամբ վերակառուցվում է ոռոգման համակարգը:
Աջափնյակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին վարչական շրջանի միակ կենտրոնատեղին բարեկարգելու հարցում իրենց կողմից բարձրացված հարցին արագ լուծում տալու համար և վստահեցրել, որ սա իսկապես անհրաժեշտություն էր:
Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է և որ հետևողական է լինելու մյուս վարչական շրջաններում ևս նմանատիպ կենտրոնների ստեղծման հարցում. «Մենք հայտարարել էինք, որ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում պետք է ունենանք յուրօրինակ հանգստյան կենտրոններ: Աջափնյակ վարչական շրջանի կենտրոնը այս այգին է լինելու: Աջափնյակի բնակիչների կողմից վերջին 10 տարիների ընթացքում բարձրացվել էր այս հարցը, որ ունենան հանգստի գոտի-կենտրոն: Այս տարի մենք սկսեցինք աշխատանքներն ու արդեն հոկտեմբեր ամսին ամբողջությամբ կավարտենք ու կհանձնենք Աջափնյակի բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն թարմացվել և վերակառուցվել են տարածքում առկա երկհարկ հենապատերը: Ամբողջությամբ վերակառուցվում է նաև շուրջ 3000 քմ ջրային մակերես ունեցող քայքայված ջրավազանը:
Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն