Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ նախագահը «գծերն է ստուգում»` առաջադրվի, թե՞ ոչ:

Օգոստոս 22,2012 11:03

Ընդամենը մեկ-երկու շաբաթից կսկսվի ակտիվ քաղաքական կյանքը, որի գլխավոր առարկան, թեման կամ նյութը, սակայն, նախագահական ընտրություններն են` գարնանից մնացած այն ինտրիգով, թե ի վերջո ՀՀԿ-ի թեկնածու գործող նախագահից հետո էլ ով է հավակնում հիմնական ֆավորիտների շարքում լինելու հայտ ներկայացնել: Քանի որ ցավով պետք է նշենք, որ մեր նախագահական ընտրությունների հավակնությունները այդպես էլ մնացին երեք նախագահների ծիրում, ու նոր իրականություն չունեցանք` այդ իրականության մեսիջները կրող նոր հավակնորդ-թեկնածու այդպես էլ չուրվագծվեց: Եթե առաջին նախագահը քաղաքական սուղ լծակների տիրապետման առումով գուցե չպետք է հավակնի առաջադրվել (սակայն դա չի նշանակում, որ նա անսպասելիորեն չի ցանկանա առաջադրվել), ապա երկրորդ նախագահը, ինչպես ասում են, տարբեր ճանապարհներով գծերն է ստուգում` առաջադրվի, թեՙ ոչ:

Իսկ մյուս թեկնածուների առաջադրումը գուցե սիմվոլիկ է` հիմնական ֆավորիտ լինելը կասկածի տակ լինելու առումով, սակայն չենք բացառում, որ կարող է ստեղծվել այնպիսի պահ, որ առաջադրվեն Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, գուցե ՀՅԴ-ն սեփական թեկնածու ունենա (ու մենք ուրիշների պես չենք կարծում, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանն է լինելու), թեեւ բոլոր այս թեկնածուների չառաջադրման համար բավական պատճառներ կան, թելեր, որոնց ձգողները կանգնած են հարմար պահին դրանք ձգելու: Օրինակՙ վաղը Հայաստանի վերաքննիչ դատարանը քննում է Օսկանյանի ներկայացուցչի բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման, ըստ որի մերժվել էր Օսկանյանի դիմումը` վերացնելու փողերի լվացման հատկանիշով քրեական գործի հարուցման որոշումը: Վերաքննիչի որոշումից կարելի կլինի որոշ բան եզրակացնել` արդյոք դեռեւս վախ կա՞ Օսկանյանի առաջադրման հեռանկարից, թե այդ հարցը «լմնցել» է:

Իսկ Վանո Սիրադեղյանի վերադարձի խոսակցությունները առաջին եւ երկրորդ նախագահների չառաջադրման շրջանակում են, քանի որ ով-ով` Սիրադեղյանը բոլորից ավելի իրազեկված մարդկանցից է Հայաստանի բոլոր երեք նախագահների առումով, ու գուցե կան շրջանակներ, որ ուզում են օգտագործել նրա իրազեկված լինելը: Սակայն Սիրադեղյանը երեւի բոլորից լավ էլ կպատկերացնի, որ քաղաքականությամբ զբաղվելն անվտանգ չէ Հայաստանում, եւ խելքը կհերիքի` չդառնալու ուրիշների թղթախաղի կոզրը, թեկուզ հայրենիք վերադառնալու գնով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031